Բեռլինի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներ Սոֆիա Բիշոֆն ու Սաշա Մովատը Հայաստանում են՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, ուսումնառությունը շարունակելու և ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Դիանա Գազարովան ներկայացրեց ընթացիկ կիսամյակում ֆակուլտետում սովորող օտարերկրյա ուսանողներին. «Ներկայում «Էրազմուս+» ծրագրով ֆակուլտետում ուսումը շարունակող 9 օտարերկրացի ուսանող ունենք, որոնցից 7-ը ԱՄՆ-ից են, իսկ 2-ը՝ Բեռլինի և Էդինբուրգի համալսարաններից: Վերջիններս մասնակցում են դասընթացներին Ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների հետ։ Հյուրընկալված ուսանողներն ընտրել են տարբեր դասընթացներ՝ «19-րդ դարի ռուս գրականության պատմություն», «Ժամանակակից ռուսաց լեզվի բառագիտություն», «Ժամանակակից ռուսաց լեզվի ձևավաբանություն», «Ռուսաստանի պատմություն»: Ի դեպ՝ իրենց համալսարաններում ուսանողները ռուսերենը սովորել են որպես օտար լեզու, իսկ ԵՊՀ-ում նրանք՝ իբրև ապագա բանասերներ, հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու ռուսաց լեզուն»։
Ուսումնառության արդյունավետությունն ապահովելու նպատակով օտարերկրյա ուսանողների դասընթացների ընտրությունը կատարվում է դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով նաև ուսանողների նախապատվությունները:
Դեկանը նշեց, որ կրթական ծրագրերի մշակման և արդիականացման նպատակով դրանք պարբերաբար վերանայվում են: Վերջին փոփոխությունը կատարվել է 2023 թվականին։
«Վերհանելով ծրագրերի առավելություններն ու թերությունները՝ աշխատում ենք միշտ հաշվի առնել ուսանողների ստացած գիտելիքի մակարդակը և ծրագրերի հիմքում դնել ժամանակակից աշխատաշուկայի պահանջարկը։ Միջազգային համագործակցության շրջանակում մեր դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են օտարերկրյա համալսարաններում, ինչպես նաև որպես հրավիրյալ դասախոսներ այցելում արտերկրի համալսարաններ»,- ընդգծեց Դ․ Գազարովան։
Շոտլանդիայից Հայաստան ժամանած Սաշա Մովատը մեզ հետ զրույցում պատմեց, որ Էդինբուրգի համալսարանում սովորում է ռուսերեն. 4 տարի տևող ուսումնառության պահանջներից մեկն էլ երրորդ կուրսում մեկ տարի տևողությամբ ռուսերենի իմացությունը այլ երկրում զարգացնելու պայմանն է։
«Առաջին կիսամյակում ռուսերենի իմացությունս բարելավել եմ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, իսկ երկրորդ կիսամյակի համար ընտրեցի Հայաստանը։ Երբեք չէի եղել այստեղ, և երկիրն ինձ հետաքրքիր էր այդ տեսանկյունից ևս։ Էդինբուրգի համալսարանը, որտեղ սովորում եմ, երբեք ուսանողներ չէր ուղարկել ԵՊՀ, հետևաբար մտածեցի, որ իմ փորձը լավ առիթ կլինի, և կտեղեկացնեմ իմ համալսարանին ԵՊՀ կրթական ծրագրերի ու դասավանդման մոտեցումների մասին»,- ասաց Սաշա Մովատը։
Սաշա Մովատը ԵՊՀ-ում ուսումնասիրում է «Գրականագիտության ներածություն», «19-րդ դարի ռուս գրականության պատմություն», «Ռուսաստանի պատմություն»: Թեև դեռ վստահ չէ՝ ավարտելուց հետո ինչ ուղի է ընտրելու, սակայն կցանկանար ռուսախոս միջավայրում աշխատել։
«Իմ ուսումնառությունն այստեղ արդյունավետ է, բայց քանի որ ռուսերենն իմ մայրենի լեզուն չէ, մի քիչ բարդ է ինձ համար: Դասերից զատ՝ ես լրացուցիչ պարապում եմ, որպեսզի դասախոսների մատուցած նյութն ինձ ամբողջությամբ հասկանալի դառնա»,- ասաց Սաշա Մովատը՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ում ամենամեծ դժվարությունը դասերի տևողությունն է. ի տարբերություն ԵՊՀ 80 րոպե տևողությամբ դասաժամի՝ Էդինբուրգում դասաժամը 50 րոպե է։
Ներկայացնելով ուսումնական գործընթացը՝ նա ընդգծեց, որ կենտրոնանալը հեշտ է, քանի որ դասերը շատ հետաքրքիր են կազմակերպվում, իսկ «Ռուսաստանի պատմություն» դասընթացն անցկացվում է խելացի գրատախտակի կիրառմամբ, որն առավել ըմբռնելի և ինտերկտիվ է դարձնում մատուցվող նյութը:
Սաշա Մովատը, խոսելով Հայաստանի մասին, ասաց՝ թեպետ ինքը երբեք չի եղել Հայաստանում, բայց հայրն է մի քանի անգամ այցելել մեր երկիր։
«Հայրս պատմում էր, որ շատ հետաքրքիր երկիր է Հայաստանը։ Ես ևս հավանեցի երկիրը, մասնավորապես Երևանը. այն չեմ կարող համեմատել իմ այցելած որևէ քաղաքի հետ: Բացի դրանից՝ Երևանը ռուսերենը զարգացնելու հիանալի միջավայր է ինձ համար։ Ես հավանում եմ հայկական մշակույթը, խոհանոցը, եղանակը ևս, քանի որ այստեղ շատ ավելի տաք է, քան Մեծ Բրիտանիայում։ Հայաստանը ջերմ, հյուրընկալ և չնաշխարհիկ բնությամբ երկիր է»,- նշեց օտարերկրյա ուսանողը։
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի ուսանող Սոֆիա Բիշոֆը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնասիրում է «Ժամանակակից ռուսաց լեզվի բառագիտություն», «Ժամանակակից ռուսաց լեզվի ձևաբանություն», ինչպես նաև մասնակցում է «Գործնական ռուսերեն» անհատական դասընթացին։
«Հայաստանում մարդիկ ազատ խոսում են ռուսերեն, հետևաբար ես ոչ միայն դասերի ժամանակ եմ կատարելագործում լեզվական գիտելիքներս, այլև առօրյա կյանքում։ Ռուս բանասիրության ֆակուլտետում ունեմ և՛ հայ, և՛ օտարերկրացի ընկերներ։ Համակուրսեցիներս շատ բարեհամբույր են և օգնում են ինձ, երբ անհրաժեշտություն է լինում»,- ասաց Սոֆիա Բիշոֆը։
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի և ԵՊՀ-ի միջև եղած տարբերություններից նա մասնավորապես նշեց ԵՊՀ-ի ակադեմիական կրթության կազմակերպման ձևը. կա սահմանված ժամանակացույց, շատ են դասախոսությունները, տնային առաջադրանքները, մինչդեռ Գերմանիայում մեծ մասամբ կարդում են ակադեմիական տեքստեր և քննարկումներ ունենում սեմինարների ժամանակ։
«Ինձ իսկապես շատ է դուր գալիս, որ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում բոլոր առարկաները ռուսերենով են դասավանդվում. դա ինձ համար ամբողջությամբ լեզվի մեջ ընկղմվելու լավ մարտահրավեր է»,- խոսքը եզրափակեց Սոֆիա Բիշոֆը։
Նշենք, որ ԵՊՀ-ն շարունակում է «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանողներ ընդունել տարբեր երկրներից:
Նարա Մարտիրոսյան