ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Էդգար Արշակյանի և Ռուս գրականության ամբիոնի վարիչ Աշխեն Աթանեսյանի ուղեկցությամբ այցելեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) գործող Վ. Բրյուսովի թանգարան:
ԲՊՀ գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանը ուսանողներին ներկայացրեց թանգարանի պատմությունը, անդրադարձավ Վ. Բրյուսովի կյանքին և սետղծագործությանն առնչվող նշանակալի դրվագներին, ինչից հետո ըստ բաժինների ներկայացրեց թանգարանի ցուցադրությունները («Բրյուսովի կենսագրություն և ստեղծագործություն», «Վ. Բրյուսովի կենդանության օրոք լույս տեսած գրքեր (1894-1924)», «Բրյուսովը և Հայաստանը», «Բրյուսովը՝ համաշխարհային գրականության թարգմանիչ», «Բրյուսովը և իր դարաշրջանը», «Բրյուսովյան ընթերցումների պատմություն»):
ԵՊՀ ուսանողները ծանոթացան ողջ հավաքածուին, որը ներառում է Բրյուսովի կենդանության օրոք լույս տեսած բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ ռուսական սիմվոլիզմի առաջնորդի խմբագրությամբ հրատարակված «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան: Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու նաև նրա մահվան դիմակն ու ձեռքի ծեփակերտը (հեղ.՝ ակադեմիկոս Ս. Մերկուրով):
Այցելությունը հնարավորություն տվեց ուսանողներին ընդլայնելու իրենց գիտելիքները ռուս մեծ գրողի գրական ժառանգության և ունեցած ավանդի շուրջ։