ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Ա. Ս. Գրիբոյեդովի 230-ամյակին: Միջոցառումն անցավ երկու ձևաչափով. հայաստանյան մասնակիցները ելույթ ունեցան առդեմ, իսկ ռուսաստանյան մասնակիցները՝ առցանց ձևաչափերով:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին դասախոսներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: Միջոցառումը համախմբել էր տարբեր մասնագիտությունների և բուհերի ուսանողների:
Գրիբոյեդովի՝ որպես գրողի գործունեությունը ներկայացրին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ: Գրիբոյեդովի դիվանագիտական առաքելության ասպեկտները ներկայացրին Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Վոլգոգրադի պետական սոցիալ-մանկավարժական համալսարանի պատմական և իրավական կրթության ինստիտուտի ուսանողները:
Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնը։ Նպատակն էր քննարկել «Խելքից պատուհաս» պիեսում արծարծված փիլիսոփայական, սոցիալ-մշակութային, հոգեբանական խնդիրները, ինչպես նաև Գրիբոյեդովի դիվանագիտական գործունեության ասպեկտները 19-րդ դարի առաջին կեսի հասարակական-քաղաքական իրավիճակի համատեքստում: Ուսանողները ներկայացրին դասական գրականության շուրջ իրենց ընկալումները, ինչպես նաև անդրադարձան Գրիբոյեդովի բազմակողմանի անհատականության իրենց պատկերացումներին:
Այսօրինակ ձևաչափով անցկացված միջոցառումը հետաքրքրություն առաջացրեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների շրջանում՝ ստեղծելով բազմաբովանդակ, աշխույժ և արդյունավետ միջավայր: