ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներն ու ուսանողները 2016 թվականից պարբերաբար այցելում են Վերին Ավստրիայի Լինցի կիրառական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպվող Սոցիալական աշխատանքի միջազգային շաբաթին՝ ներկայացնելով սոցիալական աշխատանքի ոլորտային զարգացումների հայաստանյան փորձը։
Այս տարի միջազգային շաբաթվա ընթացքում (հունիսի 3-10) մեկ տեղում համախմբվեցին աշխարհի 30 երկրների շուրջ 17 համալսարանների ներկայացուցիչներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ելույթներ և զեկուցումներ սոցիալական աշխատանքի կրթության, հետազոտությունների, սոցիալական ծառայությունների տեխնոլոգիականացման, քաղաքական սոցիալական աշխատանքի և այլ թեմաներով, ինչպես նաև ուսումնական այցեր կատարելու բազմազան սոցիալական ծառայություններ։
Միջազգային շաբաթվա շրջանակում ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նունե Գեղամյանը և դասախոս Տաթևիկ Կարապետյանը հանդես եկան «Սոցիալական աշխատանքի համայնքային կենտրոնները՝ որպես սոցիալական ինտեգրման հենակետեր տեղահանման համատեքստում» զեկույցով՝ անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանման հիմնահարցին և դրա արձագանքով ձևավորված սոցիալական աշխատանքի համայնքային կենտրոնների մոդելին, որը մշակվել և պրակտիկայում կիրառվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։
Միջազգային շաբաթվա շրջանակում ձևավորվեցին նաև միջազգային նոր կապեր՝ նպատակ ունենալով Սոցիոլոգիայի ֆակուլտետի համագործակցության կապերը հետագայում ընդլայնելու եվրոպական և ամերիկյան այլ համալսարանների հետ։