ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը՝ որպես ժյուրիի անդամ, մասնակցեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտների կատարած նորարարական հետազոտական նախագծերի գնահատմանը:
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի տնօրեն, ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնի շրջանավարտ Մարինա Խախամյանի ղեկավարությամբ դպրոցականների շրջանում պարբերաբար կազմակերպվում են հետազոտական բաղադրիչներով նորարարական նախագծերի մշակում և ներդրում:
Ներկայացվեցին խմբային երեք նախագծեր` Կարմիր բլուր հնավայրի («Թեյշեբաինի ամրոց») պահպանման և այն զբոսաշրջային ուղղություններում ներառման ծրագիրը, «Նրբենի» մաշկի խնամքի կոսմետիկայի ստեղծում և գովազդում, և Հայկական ավանդական ուտեստների ազգային ժառանգության «ՏՈՒԼԻ» ծրագրի մեկնարկ:
Բոլոր երեք ծրագրերն իրականացվել են դպրոցականների և վերջիններիս խորհրդատուների ջանքերով, պարունակել են հետազոտական բաղադրիչներ և միտված են կոնկրետ կիրառական արդյունքների: Բոլորն էլ իրականացվել են հայրենասիրական մղմամբ:
Բարձր գնահատելով նախագծերի արդյունավետությունը` Ա. Աթանեսյանը դպրոցականներին հրավիրեց ԵՊՀ` մանրամասն ծանոթանալու համալսարանի ուսման և հետազոտական լայն հնարավորություններին: