Այս տարի նշվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակը, որի շրջանակում անցկացվում են մի շարք միջոցառումներ։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 8-ին ԵՊՀ-ում կայացավ «Սոցիոլոգիայի ֆակուլտետն իր շրջանավարտների հաջողության պատմությունների խճանկարում» խորագրով միջոցառումը՝ նպատակ ունենալով կազմակերպելու հանդիպում-քննարկում ֆակուլտետի ուսանողների և տարբեր ոլորտներում առանձնահատուկ հաջողություններ գրանցած շրջանավարտների միջև։
Սոցիոլոգիայի ֆակուլտետն այսօր տարբեր ոլորտներում առաջատար մասնագետների հաջողության պատմությունների կերտման հիմքում է՝ իր տված գիտելիքներով, հմտություններով, արժեքներով և աշխարհայացքով։
Ֆակուլտետը հարազատ է հազարավոր սոցիոլոգների, սոցիալական աշխատողների, հասարակայնության հետ կապերի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը։ Ողջունելով և շնորհավորելով տարբեր տարիների շրջանավարտներին, ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին՝ Ա․ Մկրտիչյանը շեշտեց հանդիպման առանձնահատկությունն այն տեսանկյունից, որ ուսանողներն իրենք են բարձրաձայնել շրջանավարտների հետ հանդիպման կարևորության մասին։
Ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը ներկայացրեց ֆակուլտետի ձևավորման և զարգացման 20 տարիների ուղին՝ հիշելով բոլոր այն մարդկանց, որոնք նշանակալի դեր են ունեցել ֆակուլտետի՝ որպես գիտահետազոտական և կրթական միավոր կայանալու հարցում։
Միջոցառման ընթացքում տարբեր տարիների շրջանավարտները պատմեցին Սոցիոլոգիայի ֆակուլտետ գալու իրենց պատմությունները, ներկայացրին իրենց առաջին մասնագիտական փորձը, պրոֆեսիոնալ դաշտում դժվարություններն ու հաջողությունները։ Շրջանավարտներն ընդգծեցին ֆակուլտետի ներդրումն իրենց մասնագիտական հաջողությունների և կարիերայի առաջխաղացման հարցում՝ նշելով, որ ֆակուլտետը նշանակալի դեր է ունեցել՝ դառնալով անձնային աճի, ընտանեկան երջանկության, գիտական ուղու ձևավորման համար կարևոր գործոն։
Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր աշխատում են տարբեր ոլորտներում․ հիմնել են հետազոտական կենտրոններ, կրթական հաստատություններ, բիզնես կազմակերպություններ, ներգրավված են զարգացման ծրագրերում։ Նրանք սոցիոլոգիական հետազոտությունների, սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության, հասարակայնության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման առաջատար մասնագետներ են այսօր Հայաստանում։
Հանդիպմանը ներկա էին «Բրեվիս»-ի, «Spring PR»-ի, «Էմպիրիկա»-ի, «R-Insights»-ի, «APR Group»-ի հիմնադիրներն ու ղեկավարները, ինչպես նաև տեղական և միջազգային այլ ընկերություններում ղեկավար ու նշանակալի պաշտոններ զբաղեցնող մասնագետներ։
Միջոցառումը կազմակերպվեց Հայ սոցիոլոգների ընկերակցության հետ համատեղ։ Ընկերակցության հիմնադիրները և անդամների մեծ մասը նույնպես Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ են։ Հայ սոցիոլոգների ընկերակցության նախագահ Գայանե Հովակիմյանը նշեց, որ ասոցիացիան ոլորտում կայացած մասնագետների և կառույցների ջանքերի միավորման միջոցով խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու և գտնելու նպատակով է ձևավորվել։ Կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ նա շեշտեց, որ դրանք կլինեն շարունակական։
Ամփոփելով միջոցառումը՝ Արթուր Մկրտիչյանն ընդգծեց, որ նորարարական փոփոխություններին հարմարվելու, մարտահրավերներին դիմագրավելու և շարունակաբար առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը։