ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց «Տվյալների վիզուալիզացիա» խորագրով քառօրյա դասընթացը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/whatsapp_image_2024-04-25_at_22.01.01.jpeg?itok=Dd6x3v8x)
Դասընթացը վարում էր ԵՊՀ դասախոս, ոլորտում մեծ փորձ ունեցող, լրագրող Գարիկ Հարությունյանը:
Տնտեսագետները, ֆինանսիստները, կառավարման մասնագետները մշտապես աշխատում են տարաբնույթ և բազմածավալ տվյալների հետ, իսկ դրանք վիզուալիզացնելու, առավել մատչելի դարձնելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և հմտություններ, ինչին էլ միտված էր այս դասընթացը:
Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթացան տվյալների վիզուալիզացման հիմունքներին, պատրաստեցին գրաֆիկներ և քարտեզներ «Flourish» և «Datawrapper» գործիքներով, ինչպես նաև ստացան մասնագիտական խորհուրդներ, թե ինչպես «(չ)խաբել» տվյալների վիզուալիզացիայով։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/whatsapp_image_2024-04-25_at_22.03.10_0.jpeg?itok=BIdQ4CJs)
Գերհագեցած և շատ հետաքրքիր դասընթացի ավարտին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը ֆակուլտետի նախաձեռնություններին սատարելու համար դեկանի շնորհակալագիր հանձնեց դասընթացավար Գարիկ Հարությունյանին, իսկ ուսանողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր։