«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 22-23-ը Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարանի (Սլովակիա) տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի դոկտոր Ռոման Կլիմկոն «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների համար ներկայացրեց դասախոսություն։
«Երիտասարդները աշխատանքի շուկայում և ուսանողների միջազգային շարժունություն» թեմայով դասախոսության շրջանակում Ռ. Կլիմկոն ներկայացրեց աշխատանքի շուկայի արդի հիմնահարցերը։ Նա մատնանշեց, որ վերջին տասնամյակում եվրոպական երկրների աշխատանքի շուկայի ճկունության ավելացումը բավարար չի եղել որոշ եվրոպական երկրներում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կրճատելու համար։ Բանախոսն ուսանողների ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ վերոհիշյալ խնդրի պատճառով է՛լ ավելի շատ ռեսուրս է անհրաժեշտ ուղղել կրթության և վերապատրաստման ոլորտների համար՝ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերում երիտասարդներին ներառվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։
Դասախոսության ընթացքում բանախոսը նաև համեմատություն անցկացրեց ԵՄ և ՀՀ աշխատանքի շուկաների միջև և նշեց, որ ուսանողների միջազգային շարժունությունը դրական ազդեցություն կունենա ուսանողների՝ հետագայում աշխատանքի ընդունվելու գործընթացի վրա։
Հանդիպմանը մասնակցեց նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը և Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Գնել Սահակյանը:
Ռոման Կլիմկոյի հետ քննարկվեցին նաև երկու համալսարանների ֆակուլտետների միջև հետագա հնարավոր համագործակցության հարցեր՝ համատեղ հոդվածների և գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Նշենք, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բակալավրի և «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները և ասպիրանտները հնարավորություն ունեն 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում (Սլովակիա): Ծրագրի մասին մանրամասն՝ այստեղ։