ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի 1-ին կուրսի ուսանողները ս.թ. նոյեմբերի 12-ին և 29-ին «Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների» ամբիոնի դոցենտ Վարդուհի Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքին, գործառույթներին, ռազմավարական առաջնահերթություններին, դրամավարկային քաղաքականության նպատակներին ու լծակներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումներին։
Ուսանողները այցելուների կենտրոնում դիտեցին փոքրիկ տեսանյութ գնաճի մասին, ծանոթացան հայկական դրամի ստեղծման և Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, հայկական դրամի պաշտպանական հատկանիշներին, հնագույն մետաղադրամների, ԿԲ թողարկած ոսկյա և արծաթյա հուշադրամների ու հուշամեդալների ցուցադրությանը, ինչպես նաև տեղեկացան երիտասարդների ուսուցման, կարիերայի զարգացման ծրագրերի և ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքի հնարավորությունների մասին։