Ֆինանսների կառավարման գործնական առանձնահատկությունների շուրջ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասախոսություն կարդաց Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը:
Բանախոսը ուսանողներին ներկայացրեց ֆինանսական գրագետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորությունը՝ մատնանշելով, որ այն անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպությունների արդյունավետ գործունեության համար, այլև կենսական նշանակություն ունի տնտեսության կայունության ու զարգացման տեսանկյունից։ Ընդգծելով ֆինանսական կրթության կարևորությունը՝ Ս․ Միրզոյանը արժևորեց ֆինանսների արդյունավետ կառավարումը, որը ոչ միայն ապահովում է ֆինանսական կայունություն, այլև նպաստում է երկարաժամկետ աճին և զարգացմանը։
Ուսանողներին ներկայացվեց ֆինանսական ոլորտի մասնագետների՝ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունենալու անհրաժեշտությունը ֆինանսական կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:
Ասոցիացիայի նախագահի հետ քննարկվեցին նաև հետագա համագործակցության ուղիները, այդ թվում՝ մասնագիտական պրակտիկայի, ինչպես նաև տարբեր նախագծերում, սեմինարներում և համաժողովներում ներգրավվածության և այլ ձևաչափերով: