ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի մի խումբ ուսանողներ ս.թ. դեկտեմբերի 5-ին Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Լիանա Կարապետյանի ուղեկցությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ:
Ուսանողներին դիմավորեցին ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը, կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը և Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի PR բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Հակոբյանը: Նրանք ներկայացրին «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ի գործունեության առանձնահատկությունները, զարգացման ուղղությունները և ժամանակակից ներդրումային գործիքները:
Ուսանողներն այցելեցին նաև վաճառքների բաժին՝ անմիջականորեն հետևելու ընկերության ընթացիկ աշխատանքին և ստանալու կարևոր գիտելիքներ ֆոնդային շուկայի և ներդրումային ռազմավարությունների մասին։ Խոշոր մասնավոր կապիտալի գծով տնօրեն Խաչատուր Բեգլարյանը ուսանողներին բացատրեց, թե ինչպես ՀՀ-ից կարելի է մուտք գործել Նյու Յորքի, Լոնդոնի, Չիկագոյի ու այլ խոշորագույն ֆոնդային բորսաներ, արժեթղթերի շուկայում կատարել ներդրումներ ու դառնալ համաշխարհային ընկերությունների համասեփականատեր:
Նշենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը և «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ն կնքել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը գիտակրթական ու հետազոտական գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության զարգացումն է։
Կողմերը պատրաստակամ են համագործակցելու մի շարք ուղղություններով՝ համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախագծերի իրականացում, ուսանողների պրակտիկաների կազմակերպում «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ում, համատեղ գիտաժողովների, աշխատաժողովների և կլոր-սեղանների, վարպետության դասերի կազմակերպում, հնարավորության դեպքում բարձր առաջադիմությամբ ուսանողներին նպաստների և կրթաթոշակների տրամադրում: