ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս/թ փետրվարի 14-ին դասախոսությամբ հանդես եկավ հռչակավոր «Xbird»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սեբաստիան Սույկան (Գերմանիա): «Նորարարություն, ձեռնարկատիրություն և տեխնոլոգիական ստարտափների ուղին» թեմայով հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ:

Հեղինակավոր մենթորը ելույթի ընթացքում ներկայացրեց իր գիտելիքները և փորձը՝ մատնանշելով ստարտափների աշխարհում հաջողության հասնելու 10 կարևոր դասեր: Նշենք, որ Բեռլինում տեղակայված «Xbird»-ը թվային առողջապահության ոլորտում արհեստական բանականությամբ (AI) աշխատող ընկերություն է:
Բանախոսը ունի տեխնոլոգիական ստարտափներ ստեղծելու և դրանք տարբեր ոլորտներում մասշտաբավորելու հարուստ փորձ: Նա հաջողությամբ հիմնադրել և վաճառել է մի քանի ընկերություններ, այդ թվում՝ «Xbird»-ը, «Datamonk»-ը և «BrainEffect»-ը: Սեբաստիանը մասնակից է նաև ձեռք բերող ընկերությունների կառավարմանը. նա մասնագիտացած է տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում՝ այն դիտարկելով որպես բիզնեսի աճը խթանող և բարդ խնդիրներ լուծող գործոն: Բանախոսը հայտնի է ստարտափների և խոշոր կորպորացիաների միջև ռազմավարական գործընկերություններ կառուցելու ունակությամբ, ինչպես նաև համատեղ ստեղծագործական գործընթացներում, միաձուլումների և ձեռքբերումների (M&A) կառավարման և նորարարական էկոհամակարգերի զարգացման բնագավառում իր փորձառությամբ: Բազմաբնույթ ոլորտներում ունեցած փորձը նրան դարձնում է արժեքավոր մենթոր արագ աճի և շուկա մուտք գործելու վրա կենտրոնացած ստարտափների համար:

Դասախոսությանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված հանդիպմանը հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ի պատասխան բանախոսը ներկայացրեց հաջողությունների և ձախողումների սեփական փորձը:
Ֆակուլտետը կարևորում է համագործակցությունը պետական մարմինների հետ, որը գիտակրթական գործընթացն առավել որակյալ դարձնելու հնարավորություն է տալիս: