ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Լիանա Կարապետյանը, ինչպես նաև ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցեցին «SPRING PR» ընկերության կազմակերպած «Doing Digital Forum 2025»-ին, որն այս տարի նվիրված էր արդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Արդեն երրորդ տարին Երևանում կազմակերպվող ֆորումը միավորում է միջազգային հեղինակություն ունեցող խոսնակներին ու փորձագետներին, ֆինանսական ընկերությունների, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներին։

Ֆորումի ընթացքում «Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն» («Future of Money: Economic Impact») խորագրի ներքո քննարկվեցին թվային արժույթների, բլոկչեյն, Web3 և AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կատարվեց նաև տեղական ֆինանսական հատվածի ու բիզնեսի տարբեր ուղղությունների զարգացման հնարավորություններին, ապագայի աշխատանքին ու աշխատաշուկային, ինչպես նաև միջազգային էկոհամակարգում Հայաստանի դերակատարմանը։
Ֆորումի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը շեշտեց նախաձեռնության նշանակությունը՝ որպես հարթակ, որտեղ համաշխարհային և տարածաշրջանային փորձագետները միավորվում են՝ ուսումնասիրելու ֆինանսական էկոհամակարգի վերափոխման հնարավորությունները։ Նա կարևորեց նաև ֆորումին երիտասարդների մասնակցությունը, ինչը փորձառության և մասնագիտական նորարարություններին հաղորդակցվելու հնարավորություններ է ընձեռում։ Նշենք, որ ԵՊՀ-ի և «SPRING PR» ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ֆորումին մասնակցեցին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնք հետաքրքրված էին թեմայով:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի համոզմամբ՝ նմանօրինակ միջոցառումներին մասնակցությունը ուսանողներին տալիս է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ոլորտի առաջատար մասնագետների հետ ծանոթանալու, հաղորդակցվելու, բանախոսներին լսելու հնարավորություններ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը վստահեցնում է, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակելու է խրախուսել նմանօրինակ նախաձեռնություններին պորֆեսորադասական անձնակազմի և ուսանողների ակտիվ ներգրավվածությունը՝ այդպիսով պահպանելով ակտիվ հաղորդակցությունը և ներգրավվածությունը աշխարհում տեղի ունեցող վերափոխումների ուսումնասիրություններին ու դրանց շուրջ ծավալվող վերլուծություններին։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Doing Digital Forum 2025»-ին ներկայացրեց «Փողի ապագան» խորագրով ելույթ՝ խոսելով փողի էվոլյուցիայի, փոխհաշվարկային մեխանիզմների զարգացման, կենտրոնական բանկերի դերի, թվային արժույթների և հարակից այլ խնդիրների մասին:
Աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքում դասվող աշխարհահռչակ բանախոս, «Doing Digital Forum 2025»-ի գլխավոր խոսնակ, «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակ, «Fortune 500» ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու Գերդ Լեոնհարդը ներկայացրեց «7 կանխատեսում. աշխարհը՝ մինչև 2030 թվական» թեմայով ելույթը։
Ֆորումի գլխավոր խոսնակների թվում էին նաև գլոբալ կրիպտո առաջնորդ, առաջատար կրիպտո ընկերությունների, կառավարությունների և կարգավորող մարմինների խորհրդատու, «TEDx»-ի խոսնակ, «Nine Blocks Capital Management»-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը, «Edgar, Dunn & Company»-ի գործադիր տնօրեն, թվային ֆինանսական ծառայությունների, բանկինգի, վճարումների, թվային առևտրի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ բլոքչեյն համակարգերի և կրիպտոարժույթների վերաբերյալ առաջատար խորհրդատու Սեմի Զաֆարը, «Amazon Web Services»-ի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող տեխնոլոգիական ոլորտի լիդեր, Չիլիի ամենամեծ «Food Solution» սննդի էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը:
Ֆորումի շրջանակում անցկացվեցին նաև երկու պանելային քննարկումներ, որոնց մասնակցեցին Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Գերի Աֆենտակիսը («Zodia Custody»-ի Եվրոպայի գործադիր տնօրեն), Արա Աբրահամյանը («Արմենիան Քարդի» խորհրդի անդամ), Արմեն Նուրբեկյանը (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ), Իննա Օժոգինան («Amazon Web Services»-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար), Օֆելյա Աղաքարյանը («Apricot Capital DIFC Limited» ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն), Նաննա Սկաուն (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն), Միխեիլ Դիդեբուլիձեն («ArenaVS»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, «DeGameFi»-ի հիմնադիր):
Հավելենք, որ 2023 թվականից ֆորումը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի և 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։