Սննդի անվտանգություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսումնական պրոցեսը իրականացվում է մեկուկես տարում (երեք կիսամյակ)։ Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 8 շաբաթ՝ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ՝ ընթացիկ քննություններ, 7 շաբաթ՝ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ՝ ընթացիկ քննություններ ու ստուգարքներ և 3 շաբաթ՝ եզրափակիչ քննություններ:
Առաջին երկու կիսամյակները հագեցած են մասնագիտական ընդհանուր դասընթացներով (դասախոսություններ, լաբորատոր և գործնական աշխատանքներ), երկրորդ կիսամյակում ուսանողն ընտրում է կամընտրական դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս մասնագիտանալու սննդագիտության ավելի նեղ շրջանակում, իսկ երրորդ կիսամյակում ուսանողն իրականացնում է իր ավարտական հետազոտական աշխատանքը՝ մագիստրոսական թեզը, որին զուգահեռ՝ իրականացվում է նաև մասնագիտական պրակտիկան։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն` դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ: Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել սննդի անվտանգության մասնագետների, որոնք կտիրապետեն սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում (հումքից մինչև պատրաստի մթերք) քիմիական նյութերի անվտանգ օգտագործմանը, մնացորդային նյութերի՝ որպես աղտոտիչների, վնասազերծման եղանակների տեսական և կիրառական դրույթներին, ուսանողներին ծանոթացնել սննդի արտադրությանը, փաթեթավորմանը, պահպանման ժամանակ օգտագործվող հիմնական քիմիական նյութերի դասերին (կոնսերվանտներ, ներկանյութեր, էմուլգատորներ, պլաստիկներ, պոլիմերային թաղանթներ և այլն), սննդամթերքի աղտոտիչներին, սննդի որակի հսկման մեթոդներին, ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ քիմիական աղտոտիչների հիմնական խմբերի, աղտոտման հիմնական աղբյուրների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել սննդամթերքի էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության ուղղությունների զարգացման հեռանկարներին, ծանոթացնել օրենսդրական փաստաթղթերին, որը կընդգրկի միջազգային և Մաքսային միության օրենսդրությունը՝ կապված սննդամթերքներում քիմիական աղտոտիչների մնացորդային քանակների սահմանափակման հետ, ինչպես նաև եվրոպական օրենսդրության հիմնական պահանջները:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի կատարելու հետազոտության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն, ինչպես նաև արտադրական գործընթացների արդյունավետության վիճակագրական վերլուծություն, կիրառելու իր գիտելիքները սննդամթերքների և շրջակա միջավայրի ֆիզիկաքիմիական ուսումնասիրություններում, կիրառելու ռիսկերի վերլուծության մեթոդները հանրային առողջությանը վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներում, օգտագործելու սննդամթերքի ստանդարտացման, սերտիֆիկացման, հայտարարագրման, դրանց սխեմաների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքները, Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված՝ սննդամթերքին վերաբերող տեխնիկական կանոնակարգերը, կանխատեսելու շրջակա միջավայրի ազդեցությունը հումքի և սննդամթերքի անվտանգության վրա, գնահատելու հումքի աղտոտման հիմնական գործոնները, գտնելու սննդամթերքի աղտոտիչների հիմնական խմբերը, բացահայտելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սննդամթերքներում տարբեր գործոնների ազդեցությամբ, տարբերակելու գյուղատնտեսական և կենցաղային նշանակության քիմիական միջոցները:
Մասնագիտական պրակտիկան անցկացվում է մագիստրոսի մասնագիտացմանն առնչվող գործընկեր կազմակերպություններում, մասնավորապես մսամթերքի արտադրական ձեռնարկություններում, ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ինստիտուտներում և կենտրոններում (քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն և այլն), ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, գիտահետազոտական ընկերություններում և այլուր։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում և արտասահմանյան բուհերի ասպիրանտուրայում:
Կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան գտնելու աշխատանք սննդարտադրության տարբեր ոլորտներում՝ միս-մսամթերքի արտադրություն, կաթ-կաթնամթերքի արտադրություն, ձուկ-ձկնամթերքի արտադրություն, հաց-հրուշակեղենի արտադրություն, շոկոլադ-կարամելի արտադրություն, պահածոյագործություն, չրագործություն, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն, փորձագիտական ոլորտի մասնավոր ձեռնարկություններ, պետական համակարգի համապատասխան ենթակառուցվածքներ և այլն։
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Ա. Մարտիրյան
(+374 91) 536 224
armart@ysu.am