Չինաստանի Դունգուան քաղաքում անցկացված «ICPC Challenge Championship» ծրագրավորման մրցույթում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի մագիստրանտ Սամվել Անդրեասյանը գրավեց 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի:
Մրցույթին հրավիրված էին օլիմպիական ծրագրավորման մոտ 100 փորձագետներ ավելի քան 30 երկրներից՝ ուսանողներ, դասախոսներ, մարզիչներ, «ICPC» մրցույթի կազմակերպիչներ։ Մասնակցում էին նաև «ICPC» ուսանողական միջազգային օլիմպիադայի տարբեր տարիների մեդալակիրներ, «ICPC Challenge»-ի նախորդ 4 տարիների առցանց մրցույթների հաղթողներ։ Այս «գրոսմայստերական» մրցույթի մասնակիցներից շատերը, ըստ օլիմպիական ծրագրավորման հայտնի www.codeforces.com կայքէջի, բարձր վարկանիշավորում ունեցող ծրագրավորողներ էին։
Մասնակիցներին առաջարկվեց 5 ժամվա ընթացքում լուծել մեկ օպտիմիզացիայի խնդիր։ Խնդրի լուծման համար գոյություն չուներ արդյունավետ ալգորիթմ, որը մի քանի վայրկյանների ընթացքում կտար ճիշտ պատասխան։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր թեստի համար անհրաժեշտ էր կառուցել մոտարկող ալգորիթմ. ծրագրի տված պատասխանը որքան մոտ էր ճիշտ պատասխանին, այնքան այդ թեստի համար ծրագիրն ավելի մեծ միավոր էր ստանում, որը հաշվարկվում էր այս կամ այն բանաձևի միջոցով։
Կազմակերպիչները առանձնացրել էին 1 առաջին, 3 երկրորդ և 6 երրորդ կարգի մրցանակներ։ Հաջորդ 10 տեղերը զբաղեցրած մասնակիցների համար նախատեսված էին խրախուսական մրցանակներ։
Հաղթողը Հիրոտակա Յենոդան էր Ճապոնիայից։
Հավելենք նաև, որ ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը պարգևատրվեց «Outstanding Mentorship» մրցանակով՝ ի թիվս տարբեր երկրներից հրավիրված մարզիչների։
Մրցույթի արդյունքները՝ այստեղ: