Կիբեռանվտանգության ոլորտի զարգացման վերջին միտումներն ուսումնասիրելու, ոլորտի խնդիրները քննարկելու և լուծումներ ուղենշելու նպատակով ԵՊՀ և ՀՀ մի շարք այլ բուհերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 2-3-ը հյուրընկալվեցին Հունաստանի Պիրեյոսի պետական համալսարանում։ Աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերած մասնագիտական տեղեկություններն արժեքավոր նշանակություն ունեն կիբեռանվտանգության ոլորտում կրթության, հետազոտության զարգացման, ինչպես նաև Հայաստանում կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հայեցակարգի մշակման գործում:
Հանդիպումը կազմակերպվեց ՀՀ, Հունաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իտալիայի համալսարանների գործակցության շրջանակում: ԵՊՀ-ից աշխատանքային այցին մասնակցեց Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Մարտիրոսյանը:
Աշխատանքային քննարկումների ընթացքում ընդգծվեցին ոլորտային հարցերի շուրջ միջազգային առաջատար համալսարանների գործակցության դերը, համատեղ հետազոտությունների, միջազգային ստանդարտների հետ համադրման, ինչպես նաև արդյունաբերության ու կրթության միջև կապի ամրապնդման կարևորությունը:
ՀՀ բուհերի ներկայացուցիչներն այցելեցին նաև Կիբեռանվտանգության եվրոպական միության գործակալություն (ENISA): Այցի կազմակերպման գործում հայկական պատվիրակությանն աջակցեց Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի (NTNU) պրոֆեսոր Սոկրատիս Կացիկասը:
Նշենք, որ կիբեռանվտանգության ոլորտի նորարարություններին իրազեկվելուն, միջազգային գործակցությունն ընդլայնելուն միտված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց այս տարվա նոյեմբերին․ «Cyber4AM» ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցեց «Trust in Digital Life» (TDL) ասոցիացիայի կազմակերպած «CONVERGENCE-2024» համաժողովին։ Այն նվիրված էր կիբեռանվտանգության ոլորտում հետազոտությունների, նորարարությունների և կրթական հմտությունների զարգացման գործընթացներին:
Համաժողովից առաջ Հայաստանի ներկայացուցիչներին ընդունեցին «Trust in Digital Life»-ի ավագ խորհրդատու Դավիդ Գուդմենը, «Cyber4AM» ծրագրի գործընկեր Աբդելմալեք Բենզեքրին (Թուլուզի համալսարան) և Եվրոպական կիբեռանվտանգության իրավասության կենտրոնի (Բուխարեստ) քաղաքականության ավագ մասնագետ Ռոդիկա Տիրտեան։
Քննարկվեցին Հայաստանի բուհերում «Կիբեռանվտանգություն» մագիստրոսական համատեղ ծրագրի իրականացմանը և կիբեռանվտանգության մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր:
Նմանօրինակ համագործակցությունները նորարարական լուծումներ ստեղծելու, միջազգային գործընկերների հետ կապերն ամրապնդելու և Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելու լայն հնարավորություններ են ընձեռում:
Հավելենք, որ «Cyber4AM» ծրագիրը համակարգում է Հայաստանի ֆրանսիական համալսարանը: Ծրագիրը յուրահատուկ հարթակ է կիբեռանվտանգության ոլորտի փորձագետների լավագույն փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ընդլայնման համար, ինչը միտված է Հայաստանում կիբեռանվտանգության ազգային կենտրոն ստեղծելու աշխատանքներին նպաստելուն: