Կենսաբանության ֆակուլտետի Կենսաֆիզիկայի ամբիոնում հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Կենսաբանություն» առարկայի նախագծային աշխատանքների շրջանակում իրենց նախագծային աշխատանքը կատարեցին Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 հիմնական դպրոցի 7ա և 7բ դասարանների աշակերտները:
Նախագծային աշխատանքի թեման էր «Հյուսվածքների ուռչեցումը»: Աշակերտները, մասնավորապես, ուսումնասիրեցին գորտի առանձին հյուսվածքների ուռչեցման գործընթացը: Օրգանիզմի կենսագործունեության մեջ ուռչեցումը կարևոր դեր է խաղում և այն գործոններից է, որը կարգավորիչ դերակատարում ունի հյուսվածքների և բջջի ջրային հաշվեկշռում:
Հետազոտություններում նմանօրինակ կառուցվածքային առանձնահատկություններ ունեցող կենսաբանական օբյեկտների օգտագործումը, գլխավորապես, օգնում է բնութագրել որոշ օբյեկտների հատկությունները, որոնց հետ աշխատելը բարդ է: Աշակերտները նախագծային աշխատանքների շրջանակում ծանոթացան կատարվող աշխատանքի ընթացքին, ինքնուրույն կատարեցին գորտի հյուսվածքների ուռչեցման որոշում կշռային մեթոդով: Նրանք ուսումնասիրեցին թթվի և հիմքի (քիմիական գործոնի) ազդեցությունը գորտի մկանային հյուսվածքի ուռչեցման գործընթացի վրա, ստացան տվյալներ, որոնց հիման վրա հաշվեցին հյուսվածքների ուռչեցման աստիճանը, վերլուծվեցին դրանք և կատարեցին եզրակացություններ: