ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն» և «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրերի առաջին կուրսերի, ինչպես նաև «Կենսաբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի շուրջ 60 ուսանողներ ս․թ․ հունիսի 18-ից հուլիսի 2-ը իրենց ուսումնական (դաշտային) պրակտիկան անցկացնում են Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում։
Հունիսի 27-ին ուսանողներին այցելել էին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը։ Նրանք ծանոթացան ուսանողների առօրյային, ուսումնական (դաշտային) պրակտիկայի շրջանակում կազմակերպված ուսումնառության գործընթացին։
Ուսանողների հետ հանդիպմանը նրանք վստահեցրին, որ պատրաստ են լսելու առաջարկներ, կարծիքներ ոչ միայն անցկացվող պրակտիկայի, այլև բուհական կյանքի արդյունավետ և որակյալ կազմակերպման վերաբերյալ։ Արդյունքում ծավալվեց բաց երկխոսություն ուսանողների հետ, նրանց մասնագիտական և անձնային աճի, դաշտային գործընթացների կազմակերպման որակական խնդիրների, ուսանողների գործնական պատրաստականությանն ուղղված հարցերի շուրջ։
Ուսանողները փաստեցին, որ առանց պրակտիկայի հնարավոր չէ ունենալ կայուն գիտելիք։ Տեսական գիտելիքներն ամրապնդվում են պրակտիկայի ընթացքում՝ ստեղծելով ամուր հիմք հետագա մասնագիտական ձեռքբերումների համար։ Ուստի, նրանք մեծապես արժևորեցին նաև այսօրինակ պրակտիկաների կազմակերպումը։