ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 11-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կգտնվի Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ) էկոլոգիայի և շրջակա միջավայրի կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Իլյիչ Կոլեսնիկովը:
«Ֆիտոմելիորացիան՝ որպես ՀՀ հանքարդյունաբերական շրջաններում ծանր մետաղներով աղտոտված հողերի կայուն օգտագործման հեռանկարային մոտեցում» ԵՊՀ ներքին դրամաշնորհի (ղեկավար` կ.գ.դ. Կարեն Ղազարյան) շրջանակում պրոֆեսորը հանդես է գալիս դասախոսություններով «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանողների համար՝ «Էկոլոգիա և ռացիոնալ բնօգտագործում-2» և «Էկոթունաբանություն» դասընթացների թեմաներով:
«Էկոլոգիա և ռացիոնալ բնօգտագործում-2» դասընթացի շրջանակում գիտնականը ներկայացնում է բնական պաշարների և բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, վերականգնման ու բարելավման անհրաժեշտության և այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ նորագույն մոտեցումները։
«Էկոթունաբանություն» դասընթացի շրջանակում Ս․ Ի․ Կոլեսնիկովն անդրադառնում է շրջակա միջավայրի աղտոտմանը և դրանով պայմանավորված՝ էկոթունաբանական հիմնախնդիրներին: Գիտնականը հատկապես կարևորում է արագ զարգացող աշխարհում ռացիոնալ բնօգտագործման և բնական ռեսուրսների վերականգնման նորագույն մեթոդների կիրառումը:
Դասախոսություններն անցկացվում են ուսանողների հետ ակտիվ քննարկումներով և բանավեճերով:
Ս. Ի․ Կոլեսնիկովի այցը ևս մեկ կարևոր քայլ է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի համար՝ միջազգային հարթակում նորագույն մեթոդների ու փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ստեղծման տեսանկյունից: