Արտասահմանյան գրականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը համահունչ է այն խնդիրներին, որոնք դրված են ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի առջև: Համաշխարհային գրականության ուսումնասիրությունը մեծապես կնպաստի Արևմտյան արժեհամակարգի և արդիական մտածողության ձևավորմանը գրականագիտության մեջ, որի պահանջն այսօր մեծապես զգացվում է:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել այնպիսի գրականագետներ, որոնք, տիրապետելով արևմտաեվրոպական մի շարք լեզուների, ունակ կլինեն համագործակցելու ՀՀ կրթության, գիտության և մշակույթի ոլորտների առաջատար մասնագետների և արտասահմանյան գործընկերների հետ և նպաստել գրականագիտական արդիական մեթոդների և մտածողության արմատավորմանը:
Առավելությունները
ԵՊՀ ԵԼՀ արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրատուրայում ուսումնասիրվում են «20-րդ դարի իսպանական գրականություն», «20-րդ դարի արևմտաեվրոպական գրական ուղղությունները», «Բորխեսը և լատինամերիկյան արձակը», «Գրականություն և կինո», «Գրականություն և քաղաքականություն», «Ֆրանսիական գրականություն», «Գրականության նշանագիտություն», «Համեմատական գրականագիտություն», «Հոգեբանություն և գրականություն», «Ռիլկեն և գերմանական գրականությունը» և մի շարք այլ կամընտրական առարկաներ:
Ամբիոնում դասավանդում են ՀՀ լավագույն մասնագետները:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնասիրելու անտիկ գրականությունից մինչև 21-րդ դարի ժամանակակից անգլո-ամերիկյան, ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական գրականություն:
Ծրագրի շրջանակում պատրաստվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան գրականագետներ, որոնք տիրապետում են արևմտաեվրոպական և ամերիկյան գրականությունների պատմությանն ու լեզուներին, մրցունակ են աշխատաշուկայում:
Պրակտիկան անցկացվում է հանրակրթական ավագ դպրոցներում, ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում, ՀՀ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, Մատենադարանում, Հանրապետության խոշոր հրատարակչություններում («Նյու Մեգ», «Զանգակ» և այլն):
Կարիերայի հնարավորությունները
Վերջին երեք տարիների աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կրթական ծրագրի շրջանավարտներն աշխատաշուկայում ամենապահանջվածն են:
Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում են օտար լեզվի իմացությամբ արտասահմանյան գրականության մասնագետներ: Նրանք կարող են աշխատել իբրև դասախոս, հետազոտող, գիտնական, ուսուցիչ, գիտական ծրագրի ղեկավար, գրահրատարակչական համակարգում, որտեղ կարող են մասնակցել հրատարակչական, թարգմանական ծրագրերի ձևավորմանը, վերահսկմանը, միջազգային գիտաժողովների և ցուցահանդեսների անցկացմանը, հրատարակչական ընդհանուր քաղաքականության իրականացմանը և այլն: