Ընդհանուր տվյալներ
Կենսաէթանոլի արտադրության ելքը մեծացնելու համար կարևոր է բարձրացնել խմորասնկերի հարմարվողականությունը սթրեսային տարբեր գործոնների, այդ թվում՝ քացախաթթվային սթրեսի նկատմամբ:
Այս նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու քացախաթթվային սթրեսի ազդեցության մոլեկուլային մեխանիզմները Saccharomyces cerevisiae խմորասնկերի արտադրական շտամներում։ Ուսումնասիրությունը կներառի աճի պարամետրերի, թթվածնի ակտիվ ձևերի (ROS) քանակության վերլուծություն և խմորասնկերի հակաօքսիդանտային ակտիվության փոփոխությունների գնահատում քացախաթթվային սթրեսի պայմաններում:
Հետազոտության ընթացքում կկիրառվեն ֆլուորեսցենտային մանրադիտակման և հոսքային ցիտոմետրիայի մեթոդները՝ ուսումնասիրելու ներբջջային ROS մակարդակները՝ օգտագործելով 2,7-դիքլորդիհիդրոֆլուորեսցեին դիացետատ (H2DCFDA) զոնդը, որը հետազոտական կարևոր տվյալներ կտրամադրի այս խմորասնկերի օքսիդատիվ սթրեսի արձագանքման մեխանիզմների վերաբերյալ տարբեր pH արժեքներում, շնչառական կամ խմորման նյութափոխանակություն ընթացքում։
Ծրագրի շրջանակում ակնկալվում է ստանալ գիտական արժեքավոր պատկերացումներ սթրեսային պայմաններում խմորասնկերի հարմարվողականության մեխանիզմների մասին՝ խթանելով կենսաէթանոլի արտադրությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը: