Իրավաբան, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1888 թ. հուլիսի 6-ին Դոնի Ռոստովի Նախիջևանի շրջանի հայաբնակ Թոփտի գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա ընդունվել Յարոսլավլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
Դրսեկությամբ միաժամանակ ավարտել է նաև Մոսկվայի համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1913 թ. վերադարձել է Դոնի Ռոստով և զբաղվել փաստաբանությամբ ու լրագրական գործունեությամբ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1920-1924 թթ. վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` Գ. Չուբարյանը ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922 թ. Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրական-իրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը` անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր:
1920 թ. Գ. Չուբարյանը հրավիրվել է ԵՊՀ և դասախոսել մինչև 1937 թ.: Ենթարկվել է բռնաճնշումների ու հալածանքների, աքսորվել, այնուհետև արդարացվել է և շարունակել աշխատանքը ԵՊՀ-ում: 1957-1962 թթ. վարել է պետական իրավունք, սովետական իրավունք, սովետական սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները:
Գ. Չուբարյանը մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում: Նա քաջածանոթ էր փիլիսոփայական և հասարակական-քաղաքական մտքին, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը: Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-1930 թթ. հրատարակվել են հայ պարբերական մամուլում:
1961 թ. նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1962 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում:
Գ. Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի կայացման և համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում: