Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1923 թ. սեպտեմբերի 24-ին Երևանում: 1941 թ. ավարտել է թիվ 23 միջնակարգ դպրոցը և մեկնել զինվորական ծառայության: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, կորցրել ոտքը: Զորացրվելուց հետո՝ 1950 թ., ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1954 թ. պաշտպանել է թեկնածուական, 1965 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1964 թ. նրան շնորհվել է դոցենտի, 1967 թ.՝ պրոֆեսորի կոչում: 1974 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թ.՝ ակադեմիկոս:
1950-1972 թթ. դասախոսել է ԵՊՀ հայ գրականության (այժմ՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության) ամբիոնում: 1972-1985 թթ. ղեկավարել է նորաստեղծ գրականության տեսության և գեղագիտության (այժմ՝ գրականության տեսության և գրաքննադատության) ամբիոնը: 1966-1970 թթ. եղել է նաև ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնի վարիչ, 1977-1999 թթ.՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1953-1954 թթ.՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի, 1967-1977 թթ.՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր:
Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների: Նախաձեռնել ու խմբագրել է «Թումանյան. ուսումնասիրություններ» շարքի հինգհատորյակը, Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական տասհատորյակը, ինչպես նաև հայ այլ դասականների երկերի հրատարակություններ: Մեծ է նրա դերը «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի ստեղծման և հրատարակման գործում:
Առավել կարևոր գրքերից են՝ «Թումանյանի պոեմները» (Եր., 1964, 1986), «Աշխարհայացք և վարպետություն» (Եր., 1966), «Պոետիկայի հարցեր» (Եր., 1976), «Չորս գագաթ» (Եր., 1982), «Գեղագիտություն և գրականություն» (Եր., 1986): Հեղինակել է նաև «Գրականության տեսություն» բուհական դասագիրքը, որն ունեցել է 7 հրատարակություն:
1956-ից եղել է ԽՍՀՄ ԳՄ անդամ:
1978-1999 թթ. եղել է Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող գրականության մասնագիտական խորհրդի նախագահ:
Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ:
1970 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1974 և 1980 թթ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակի:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի և Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշաններով:
Վախճանվել է 1999 թ. օգոստոսի 10-ին Երևանում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ճեմասրահում:
Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 25/1 շենքի տարածքում կանգնեցված է հուշասյուն: