Հնագետ, պրոֆեսոր
Ծնվել է 1884 թ. փետրվարի 11-ին Լոռու Արդվի գյուղում: 1905 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բանասիրության և պատմության բաժինը: Ավարտելով համալսարանը՝ վերադարձել է Հայաստան, նվիրվել հայրենիքի նյութական մշակույթի ուսումնասիրությանը:
Դեռ ուսանողական տարիներից նա Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի կազմում մասնակցել է Անիի պեղումներին: 1914 թ. Ն․ Մառն իր բացակայության ընթացքում Անիի 13-րդ հնագիտական արշավախմբի ղեկավարությունը նրան է վստահել:
1915 թ. Ա. Քալանթարը զորավար Անդրանիկի կամավորական գնդի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների, դարձել զորավարի քարտուղարը:
1917-ին նա շարունակել է պեղումները Անիում և 1918 թ. հարկադրված հեռացել է՝ փրկելով հնագիտական հավաքածուների այն մասը, որն այժմ պահպանվում է ՀՀ պատմության թանգարանում
Նույն՝ 1917 թ. Ա. Քալանթարը Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել է Վանի երկրորդ հնագիտական արշավախմբի աշխատանքներին: Հավաքել և վերծանել է ուրարտերեն շուրջ 50 արձանագրություն: 1918 թ. Վանից վերադառնալով Թիֆլիս՝ որպես դասախոս աշխատել է Անդրկովկասյան համալսարանում: 1919 թ. ամռանը նա եկել է Երևան, ՀՀ կրթության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղել հուշարձանների պահպանության բաժնի ստեղծմանը՝ դառնալով այդ հաստատության հիմնադիր ղեկավարը: 1920 թ. ղեկավարել է գիտական վերջին արշավախումբը դեպի Անի և Տեկոր, կատարել չափագրություններ, լուսանկարներ, ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ:
Ա. Քալանթարը հրավիրվել է համալսարան 1919 թ.` դառնալով Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից մեկը: 1922 թ. համալսարանում հիմնել է Արևելքի պատմության և հնագիտության ամբիոն, ստեղծել հնագիտական աշխատանոց: Բազմահմուտ մանկավարժը կյանքի է կոչել ուսանողական առաջին հնագիտական խմբակը՝ իր ուսանողներին մասնակից դարձնելով Հայաստանում գործող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 1923 թ. նա հրատարակել է հնագիտության՝ հայերեն առաջին դասագիրքը:
1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Ա. Քալանթարի գիտական և վարչական հետագա գործունեությունը կենտրոնացած էր հնությունների պահպանության կոմիտեում (նախագահ՝ Ալ. Թամանյան), որի գիտական քարտուղարն էր:
Հնագետի երկարամյա տքնաջան աշխատանքների արդյունքն են Արագածի և Գեղամա լեռների հինավուրց ջրաբաշխական համակարգի հայտնաբերումն ու ուսումնասիրությունը: Այդ համակարգին է նվիրված «Մի հնագույն ջրաբաշխական սիստեմ Հայաստանում» (Եր., 1933) մենագրությունը: Ա. Քալանթարն առաջին հնագետն է Հայաստանում, որ համակարգել և ուսումնասիրել է նախնադարյան արվեստի հուշարձանները, մ.թ.ա. 7-3-րդ հազարամյակների ժայռապատկերները: 1930-ական թվականներին յուրատեսակ սխրանք էր հին Վաղարշապատի տարածքում հնագիտական պեղումների իրականացումը, որի արդյունքներն ամփոփված են «Հին Վաղարշապատի պեղումները» (Եր., 1935) գրքում: 2007 թ. հրատարակվել է նրա «Հայաստանը քարե դարից միջնադար» երկերի ժողովածուն: Նրա աշխատանքների եռահատորյակը հրատարակվել է անգլերեն Փարիզում 1994, 1999, 2002 թթ.՝ արժանանալով գրախոսների բարձր գնահատականին:
Ստալինյան բռնարարքներին հայ նշանավոր շատ մտավորականների հետ միասին զոհ դարձավ նաև Ա. Քալանթարը: 1938 թ. մարտին նա ձերբակալվել է այսպես կոչված «պրոֆեսորների գործով»՝ մեղադրվելով հայրենիքի դավաճանության մեջ: Մահապատժի դատավճիռը փոխարինվել է ութ տարվա ազատազրկմամբ: Աքսորվել է Սիբիր, որտեղ 1942 թ. հունիսին կնքել է իր մահկանացուն: Արդարացվել է հետմահու: