Գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽԱՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1882 թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Շուշիի հայկական սեմինարիայում: 1902 թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո՝ 1905 թվականից, ավելի քան կես դար նվիրվել է գիտամանկավարժական գործունեությանը: 1905-1907 թթ. Շուշիի հոգևոր սեմինարիայում և 1909-1920 թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդել է գրականության պատմություն և տեսություն:
Յուրացրած լինելով հոգեբանական դպրոցի սկզբունքները՝ նա ծավալել է գրականագիտական-քննադատական գործունեություն՝ հայ իրականության մեջ արմատավորելով և առաջինը կիրառելով պոեզիայի, արձակի և հրապարակախոսության գնահատման մեթոդաբանական տարբեր չափանիշներ: Այդ շրջանում լույս տեսան նրա «Վահան Տերյան. ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910), «Միքայել Նալբանդյան. ազգության հրապարակախոսը» (Ալեքսանդրապոլ, 1910), «Հովհաննես Թումանյան․ հայրենի եզերքի քնարերգուն» (Վաղարշապատ, 1911) և այլ աշխատություններ:
1920 թ. Ա. Տերտերյանը հրավիրվել է Երևանի նորաստեղծ համալսարան որպես դասախոս: 1929 թվականից մինչև կյանքի վերջը եղել է հայ գրականության իր հիմնադրած ամբիոնի վարիչ: Համալսարանում նա մեծ ջանքեր է գործադրել գրականագիտական բարձրորակ կադրեր պատրաստելու, հայ գրականության պատմության ծրագրերը մշակելու և դասավանդումը գիտական հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
1943 թ. Ա. Տերտերյանին առանց ատենախոսության պաշտպանության շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նա հաստատվել է նորաստեղծ ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամ:
Ա. Տերտերյանի կարևոր մենագրություններից են՝ «Շիրվանզադե. հայ ինտելիգենտի և ընտանիքի վիպասանը» (1911), «Աբովյանի ստեղծագործությունը» (Եր., 1941, 1947), «Հայ կլասիկներ» (Եր., 1944), «Շիրվանզադեի դրական տիպերի հանրագիտարան» (Եր., 1959), «Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան» (Եր., 1944), «Պերճ Պռոշյան» (Եր., 1955) և այլն:
1940 թ. Ա. Տերտերյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի կոչման:
Վախճանվել է 1953 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում: