![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/gevorg_asatowr.jpg?itok=3WGrj9--)
Արևելագետ, մանկավարժ, թարգմանիչ
Ծնվել է 1868 թ. հուլիսի 19-ին Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում` արևելյան լեզուների և հնագիտության ինստիտուտներում: 1884 թվականից Գ. Ասատուրն աշխատել է սկզբում Թիֆլիսում, ապա` Պետերբուրգում՝ բանկի կենտրոնական վարչությունում, այնուհետև հայկական դպրոցներում` որպես ուսուցիչ և վերատեսուչ: Նա սկսել է ստեղծագործել վաղ հասակից: Առաջին բանաստեղծությունը «Աղբյուր» ամսագրում լույս է տեսել 1887 թ.: «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներից բացի` ստեղծագործական աշխատանք է ծավալել նաև «Մուրճ», «Ազգագրական հանդես» պարբերականներում: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Գ. Ասատուրը եկել է Հայաստան և ձեռնամուխ եղել գիտամանկավարժական և թարգմանչական գործունեության: 1921 թ. հրավիրվել է ԵՊՀ և տասը տարի պատմագրական ֆակուլտետում կարդացել վրաց և պարսից լեզուների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Անդրկովկասի գրականության պատմության դասընթացներ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/hamals._dasaxos._kazm_1923_tv.jpg?itok=MSc3pRZH)
Գ. Ասատուրի գրչին են պատկանում «Հայավանդը», «Նմուշներ վրաց պոեզիայից», «Անհետացած Թիֆլիսը» արձակ, ինչպես նաև «Արևելքի լեգենդները» չափածո երկերը: Նա Սայաթ-Նովայի գրական ժառանգության լավագույն գիտակներից էր և մեծ վաստակ ունի բանաստեղծի ստեղծագործությունների լուսաբանման, անհայտ երգերի հայտնաբերման, կենսագրական ու տեքստաբանական շատ խնդիրների լուծման ասպարեզում: Գ. Ասատուրը հայտնի է նաև որպես թարգմանիչ: Հին վրացերեն բնագրից թարգմանել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» ստեղծագործությունը: Պարսկերենից թարգմանել է նաև Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ» պոեմը:
Գ. Ասատուրը վախճանվել է 1937 թ. հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում: