ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ
Ծնվել է 1878 թ. մարտի 4-ին Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար) քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում: 1898 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904 թ.՝ ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: Ուսման տարիներին Ալ. Թամանյանն ակադեմիայի կողմից բազմիցս գործուղվել է ուսումնասիրելու և չափագրելու Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ռուսական դասական ճարտարապետության հուշարձանները:
Ալ. Թամանյանի առաջին ինքնուրույն աշխատանքը (1906 թ.) կապված է Սանկտ Պետերբուրգի` 18-րդ դարի վերջին ճարտարապետ Յու. Ֆելտենի նախագծով կառուցված հայկական եկեղեցու վերակազմության նախագծի հետ, որի իրականացումը դրսևորեց հեղինակի` որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նաև նրա արտակարգ նուրբ ճաշակն ու դասական ճարտարապետության խոր իմացությունը:
Ալ. Թամանյանի ստեղծագործական և շինարարական տաղանդն առանձնապես արտահայտվել է Յարnսլավլի տոնավաճառի համակառույցի, կոմս Վ. Կոչուբեյի առանձնատան և իշխան Ս. Շչերբատովի բնակելի տան կառույցներում: Վերջին կառույցը հեղինակին բերել է ոսկե մեդալ և մեծ փառք: 1914 թ. Ալ. Թամանյանն ընտրվել է Գեղարվեստների ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս, իսկ 1917 թ.` նույն ակադեմիայի նախագահ:
1918 թ. վերջին Ալ. Թամանյանը եկել է Հայաստան և նշանակվել Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետի վարչության, հնությանց և գեղարվեստից պահպանման հանձնաժողովի, ինչպես նաև պետական հիմնարկների շենքի կառուցման շինարարական հանձնաժողովի նախագահ: Այդ բոլոր պաշտոնները նա վարել է նաև բոլշևիկների իշխանության հաստատումից հետո (1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1921 թ. փետրվարի 18-ը): Փետրվարյան ապստամբությունից հետո՝ ապրիլի 22-ին, նա հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում, որտեղ նկարիչ Հ. Կոջոյանի հետ միասին բացել է գեղարվեստական ստուդիա: Թավրիզի քաղաքապետարանի կողմից հրավիրվել է աշխատանքի՝ որպես ճարտարապետ:
Այնտեղ նա նախագծել է մի շարք անհատական տներ ու հասարակական շինություններ, գործուն մասնակցություն ունեցել քաղաքի կառուցապատման աշխատանքներին: Հայաստանի բոլշևիկյան կառավարության կրկնակի հրավերից հետո Ալ. Թամանյանը 1923 թ. մարտին վերադարձել է Հայաստան: Երևանում իր գործունեության առաջին տարիներին Ալ. Թամանյանն իտալական Վերածնության շրջանի ճարտարապետական ոճով նախագծել և կառուցել է մի քանի շենք (ազգային գրադարան, ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ և այլն): Այս նույն տարիներին նա զբաղվել է նաև հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ և հուշարձանների պահպանման գործով:
Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության նմուշներ` Ալ. Թամանյանը կարողացավ գտնել դրանց оգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում: Նա երբեք չկրկնեց հինը, բայց չմերժեց այն` պատմական կամուրջ գցելով հայ ժողովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև: Օգտվելով Տեկորի և Զվարթնոցի ճարտարապետական ծավալատարածական կոմպոզիցիոն լուծումներից և ձևակազմության օրինաչափություններից, հեռու մնալով մեխանիկական ընդօրինակումից` նա ստեղծեց Կառավարական տան և օպերային թատրոնի ճարտարապետական սյունակարգերը, դրանց հատակագծային և ծավալային ուրույն կոմպոզիցիաները:
Ալ. Թամանյանը վերակենդանացրեց հայկական զարդաքանդակի արվեստը՝ նրան հաղորդելով նոր բովանդակություն:
Միշտ մտահոգված լինելով բարձրորակ նախագծող և կառուցող կադրեր ստեղծելու հարցով՝ նա նաև ճարտարապետական նախագծման դասեր է տվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում:
Ալ. Թամանյանի ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումը եղել ու մնում է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը, որի աշխատանքները նա սկսել էր դեռ 1923 թ.-ից առաջ և շարունակել մինչև կյանքի վերջը:
Նրա նախագծով է կառուցվել Կառավարական տունը, որի համար ականավոր ճարտարապետը 1942 թ. հետմահու արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937 թ. համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ: Թամանյանի ստեղծագործությունների ազդեցությամբ Հայաստանում ստեղծվել է թամանյանական ճարտարապետական դպրոց: Անգնահատելի է Ալ. Թամանյանի ստեղծագործության նշանակությունը Հայաստանի նորագույն ճարտարապետության կազմավորման և զարգացման գործում:
1926 թ. Ալ. Թամանյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչման:
Վախճանվել է 1936 թ. փետրվարի 20-ին Երևանում: