Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 10-ին ներկայիս ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Սառնաղբյուր գյուղում ստացել է սկզբնական կրթություն: 1933 թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) շինարարական տեխնիկումը:
1933–1934 թթ. աշխատել է Մեծ Պարնի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1939 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1939–1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1949 թ. ավարտել է ասպիրանտուրան:
1950 թ. պաշտպանել է թեկնածուական, 1963 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1964 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1965 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թ.՝ ակադեմիկոս:
1950-ից անընդմեջ աշխատել է ԵՊՀ-ում: 1951 թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է տեսական ֆիզիկայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև 1985 թ.: 1967–1972 թթ. եղել է ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:
Զբաղվել է տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերական ճառագայթների հետազոտությամբ: Ստացված արդյունքներն ամփոփել է «Էներգետիկական սպեկտորներ և տիեզերական ճառագայթման մասնիկների միջուկային փոխազդեցություններ» (Եր., 1958) մենագրության մեջ:
Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում Վ. Համբարձումյանի հետ 1960-ական թթ. սկզբին ստեղծել են նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկա, կառուցել գերխիտ աստղային փոխդասավորության մոդելներ, հայտնաբերել հարաբերականության ընդհանուր տեսության նոր՝ զանգվածի անոմալ պակասորդի երևույթը: Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն երկնային գերխիտ մարմինների տիեզերածնության ուսումնասիրություններում:
Հիմնադրել է «Նեյտրոնային աստղերի ֆիզիկա» գիտական ուղղությունը, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության գործընթացներում: 1991–1997 թթ. մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները: Գրավիտացիայի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է Հայաստանում:
Հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, այդ թվում՝ «Равновесные конфигурации вырожденных газовых масс» (М., 1972), «Физика нейтронных звезд» (Дубна, 1995), «Основы релятивистской теории гравитации» (Ер., 1987) մենագրությունների, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Համահեղինակ է «Քվանտային մեխանիկա» (Եր., 1972, ռուս., 1982) դասագրքի:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 և դոկտորական 10 ատենախոսություն:
Վճռորոշ է նրա դերը բուհական առաջին ԳՀ ինստիտուտի՝ «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման ստեղծման գործում:
Մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ-ում գործող տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի մասնագիտական խորհրդի նախագահ:
1970 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի կոչման:
1945 թ. պարգևատրվել է Կարմիր աստղի, 1981 թ.՝ Ժողովուրդների բարեկամության, 1985 թ.՝ Հայրենական պատերազմի II աստիճանի, 1986 թ.՝ Լենինի շքանշաններով:
1994 թ. նրան շնորհվել է «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալ:
Վախճանվել է 2000 թ. մարտի 26-ին Երևանում:
Նրա անունով է կոչվում ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում:
Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի պատին ամրացված է հուշատախտակ: