Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1903 թ. մայիսի 31-ին Արևմտյան Հայաստանում՝ Բիթլիս նահանգի Մուշ գավառի Մեծիկ գյուղում: 1926 թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական, 1930 թ.՝ բժշկական ֆակուլտետը: 1930–1938 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1935–1941 թթ.՝ Վ. Բեխտերևի անվան ուղեղի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի բաժնի վարիչ, միաժամանակ՝ մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1941–1943 թթ. դասախոսել է Տաշքենդի բժշկական ինստիտուտում: 1944–1950 թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ նյարդային համակարգության կոմպենսատոր հարմարանքների լաբորատորիան: 1950–1952 թթ. եղել է Մոսկվայի բարձրագույն նյարդային գործունեության ինստիտուտի տնօրեն, 1953–1960 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ԿՆՀ լաբորատորիայի վարիչ, 1950–1960 թթ.՝ նաև Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1960-ից աշխատել է բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և պայմանական ռեֆլեքսների լաբորատորիայի վարիչ:
1936 թ. նրան շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1938 թ.՝ պրոֆեսորի կոչում: 1939 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1947 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Զբաղվել է բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությամբ, իսկ նյարդային համակարգի հարմարողական պլաստիկության վերաբերյալ հետազոտությունները համաշխարհային ճանաչում են ստացել: Հիմնավորել է արգելակման պրոցեսի բուժիչ և պաշտպանիչ դերը, մշակել վնասվածքային, այրվածքային, ջերմային շոկի կանխորոշման և բուժման նոր մեթոդ:
Նրա առաջարկած հակաշոկային հեղուկները լայն կիրառություն գտան Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մեծ ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգների պատրաստման և ֆիզիոլոգիայի զարգացման գործում:
Հեղինակ է «Физиология центральной нервной системы» (М., 1953) «Բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիա» (Եր., 1966), «Очерки по физиологии условных рефлексов» (М., 1970), «Рефлекторная теория высшей нервной деятельности» (М., 1983) մենագրությունների, «Պայմանական-ռեֆլեքսային գործունեության արդիական խնդիրները» (Եր., 1988) հոդվածների ժողովածուի: Եղել է «Журнал высшей нервной деятельности им. академика Павлова» ամսագրի գլխավոր խմբագիր, արտասահմանյան գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ, 1972–1981 թթ.՝ «Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահ:
1974 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, 1963 թ.՝ Ի. Պավլովի անվան ոսկե, 1975 թ.՝ Յա. Պուրկինիեի անվան մեդալներով:
Վախճանվել է 1981 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում: