- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆՁՆԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԴԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
Հունիս 01, 2022 | 12:29
Գիտություն
ԱՆՁՆԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԴԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Անձնային ներուժի գործառնական դերը ճգնաժամային և արտակարգ իրավիճակների սոցիալ-հոգեբանական հետևանքների հաղթահարման գործընթացում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը։ Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ։
Թեմայի շրջանակում իրականացվող նախագիծը համալիր և բազմափուլ հետազոտություն է, որը հնարավորություն կտա բացահայտելու անձի հոգեբանական կապիտալի բաղադրիչները, վարքի ինքնակարգավորման մեխանիզմները, սթրեսի դրսևորման առանձնահատկությունները հետպատերազմական և համաճարակային իրավիճակում։ Հետազոտության ավարտը նախատեսում է հաղթահարման ուղիների մշակում:
Հ. Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անձի հաջողության և նրա արդյունավետ վարքի պահպանման հիմնախնդիրը Հայաստանում պետք է դիտարկվի իբրև առողջ հասարակության և կայացած պետության զարգացման կարևոր նախապայման: Հասարակության կողմից արտակարգ իրավիճակների և սոցիալական ճգնաժամերի հաղթահարման կենտրոնում մարդկային գործոնն է, և հաճախ մարդու կողմից բարդ իրավիճակների հաղթահարման հնարավորությունը դրսևորվում է անձի հոգեբանական ներուժի միջոցով»։
«Ավարտված պատերազմը և դրա հետևանքները, «COVID-19» համավարակը և նրանից բխող` անձի մեկուսացումը, հեռավար ուսուցումն ու աշխատանքը թույլ են տալիս ճգնաժամային և արտակարգ համարել այն իրավիճակը, որում հայտնվել է բնակչությունը»,- նշեց պրոֆեսորը։
Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակներից հետո թե՛ անհատական և թե՛ սոցիալական մակարդակներում բացասական հետևանքներն ունենում են երկարաժամկետ ազդեցություն՝ սույն հետազոտությունը միտված է ոչ միայն լուծելու ճգնաժամի հաղթահարման առկա, իրադրական և անհետաձգելի խնդիրները, այլև մշակելու և մասնագիտական հետևողական քայլերի միջոցով իրագործելու գիտակիրառական լուծումները:
Գիտական խմբի ղեկավարն ասաց, որ ստացված արդյունքների հիման վրա կհստակեցվեն անձի և նրա հոգեվիճակի ախտորոշման հուսալի մեթոդները, ինչպես նաև կմշակվեն անձնային ներուժի բարելավման մեթոդներ։ Հետազոտությունն ընթանում է օրացուցային պլանով, և արդեն իսկ կա տեսանելի արդյունք:
Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են գիտությունների մեկ դոկտոր, երկու թեկնածու և մեկ երիտասարդ գիտաշխատող:
Կարինե Հովհաննիսյան