- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
Ապրիլ 03, 2023 | 16:54
Գիտություն
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Հանրային հեռուստաընկերությունում եզրափակել է դիմորդների համար նախատեսված «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը՝ մասնակիցներին տալով հավաստագրեր:
Հանրային հեռուստաընկերությունում մասնակիցները կատարել են տեղեկատվական շրջայց և հանդիպել հեռուստամեկնաբանների հետ, որոնք ուսանողներին ներկայացրել են իրենց փորձը և տվել մասնագիտական խորհուրդներ:
Երևանից և ՀՀ մարզերից ընտրված 30 դիմորդները ԵՊՀ-ում մասնակցել են օրական 2-3 ժամ տևողությամբ դասընթացների, որոնք անցկացրել են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և բարձր կուրսերի ուսանողները:
Առաջին անգամ կազմակերպված մեդիադպրոցի տեսական դասընթացների ժամանակ մասնակիցները ծանոթացել են լրագրության տեղեկատվական ժանրերին, հանրային խոսքի և եթերում հեռուստամեկնաբանի աշխատանքի հմտություններին, ճարտասանության արվեստին և խոսքի մշակույթին, հոգեբանության և լրագրության կապին, լրագրողի իրավունքներին ու պարտականություններին:
Նրանք անցկացրել են նաև գործնական պարապմունքներ ֆակուլտետի հեռուստա- և ռադիոստուդիաներում:
Նշենք, որ «Գարնանային մեդիադպրոցը» նպատակաուղղված էր ֆակուլտետի աշխատանքներին դիմորդներին ներգրավելուն և ոլորտի ու մասնագիտության մասին խորքային պատկերացում կազմելու հնարավորություն տալուն: