- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆԵԼԻՍ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԱՅՆՊԻՍԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՆ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ
Հոկտեմբեր 31, 2022 | 15:38
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆԵԼԻՍ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԱՅՆՊԻՍԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՆ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Րաֆֆի Շահմուրադյանն ակտիվ ներգրավվածություն ունի համալսարանական և արտահամալսարանական միջոցառումներում: Րաֆֆիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, նրա հետազոտական թեմայի արդիականության ու կիրառական նշանակության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
Պատմում է ինքը՝ Րաֆֆին:
Մասնագիտության ընտրությունը միանշանակ էր. վստահ եմ՝ ԵՊՀ-ի տված գիտելիքների շնորհիվ կդառնամ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, ինչին միշտ ձգտել եմ:
Ես երևի այն եզակի դիմորդներից էի, որ վաղ հասակում արդեն իսկ կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում: Ինձ համար անչափ հետաքրքիր էին կենսաբանական համակարգերի քիմիական հիմքերը, և դրանց մասին համակողմանի գիտելիքներ ստանալու համար ընտրեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Լինելով ավարտական կուրսի ուսանող՝ վստահաբար կարող եմ ասել՝ դա կյանքիս լավագույն ընտրությունն էր։
Փորձում եմ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել նաև արտահամալսարանական միջավայրում՝ մասնակցելով տարբեր ծրագրերի:
Չնայած համալսարանական գերհագեցած կյանքին՝ փորձում եմ մասնակցել տարբեր ծրագրերի: Այս տարի ավարտեցի ամառային 3 դպրոց, որոնց շրջանակում ստացած գիտելիքները ևս մեկ անգամ ամրապնդեցին իմ այն համոզումը, որ կատարել եմ մասնագիտության ճիշտ ընտրություն։ Հպարտ եմ, որ որպես ժյուրիի անդամ ներգրավված եմ դպրոցական օլիմպիադաներից մեկում, որին, ի դեպ, ժամանակին մասնակցել եմ որպես աշակերտ:
Լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ փորձում եմ կառույցի անդամների շրջանում մեծացնել գիտության նկատմամբ հետաքրքրությունը:
Կենսաբանական գիտությունները մեր օրերում հանրամատչելի դարձնելը չափազանց արդիական խնդիր է, և մեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այս տեսանկյունից ունի առանցքային նշանակություն: Մտադիր եմ ուսանողական կառույցում իմ ծավալած գործունեությամբ ոգեշնչել ուսանողներին և մեծացնել նրանց հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ միաժամանակ ցույց տալով գիտության հետ կապված գաղափարներն իրագործելու ուղիները:
Լիահույս եմ, որ ավարտական աշխատանքիս շրջանակում կատարած հետազոտությունները հետագայում կիրառական մեծ նշանակություն կունենան:
Իմ հետաքրքրությունների շրջանակում մեծ տեղ են զբաղեցնում ոլորտային հետազոտությունները: Ավարտական աշխատանքս նվիրված է կենսապլաստիկ արտադրող մանրէներին։ Աշխարհում աճում է ոչ սինթետիկ պլաստիկների պահանջարկը, և սինթետիկներից ազատվելուն ուղղված քայլերն առավել շեշտակի են դարձել։
ԵՊՀ-ն լավագույն հնարավորություններ ընձեռող կառույց է, հատկապես ուսանողների համար:
Համալսարանում ուսանելու տարիներին լիարժեք պատկերացում կազմեցի ապագա մասնագիտությանս և դրա ընձեռած հնարավորությունների մասին։ ԵՊՀ-ում ուսանելիս, ձեռք բերելով ակադեմիական գիտելիքներ, միաժամանակ հնարավորություն ես ունենում ծանոթանալու բարձր արժեքների կրող այնպիսի անհատների հետ, որոնք օրինակելի են թե՛ որպես մարդ, թե՛ որպես գիտնական:
Մարինե Մկրտչյան