- Գլխավոր
- Նորություններ
- 100 ԳԻՐՔ՝ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Մայիս 14, 2019 | 13:26
Հասարակություն
100 ԳԻՐՔ՝ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահում այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրադարանին նվիրեց առավել քան 100 անուն գրականություն:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորին և միջոցառման ներկաներին տեղեկացրեց, որ 100 թիվը պայմանականորեն է նշվում, այն խորհրդանշական բնույթ ունի, իսկ գրքերի քանակն իրականում 100-ից ավելի է:
Եզնիկ Միրզոյանը նշեց, որ սա պարոն Մանասերյանի առաջին նվերը չէ գրադարանին: Նա հույս հայտնեց, որ մյուս պրոֆեսորների համար այս միջոցառումը վարակիչ կլինի, և նրանք ևս կհետևեն Մանասերյանի օրինակին:
Գրադարանի տնօրենը կարևորեց նաև այն փաստը, որ նվիրում է պրոֆեսորը, քանի որ նա հստակ գիտակցում է գրքի, գրականության արժեքը:
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է ԵՊՀ 100-ամյակը նման խորհրդանշական մեկնարկով նշանավորելը: Գաղափարը ծնվել է անցյալ տարի, երբ դիմեցի ԱՄՆ-ի, Եվրոպայի իմ բազմաթիվ գործընկերներին՝ խնդրելով իրենց մասնագիտական գրականությունը կիսել մեզ հետ: Նվիրված գրքերի մեջ են նաև իմ անձնական գրադարանի գրքերը, որոնք ես ձեռք եմ բերել տարբեր երկրներում»:
Նա նշեց, որ գրքերը տնտեսագիտության, իրավունքի, սոցիոլոգիայի ոլորտներից են, ինչպես նաև հույս հայտնեց, որ այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
«Պատիվ ունեմ լինելու շարունակությունը մի գերդաստանի, որը համալսարանի և Առաջին հանրապետության խորհրդարանի հիմնադիրներից էր: Ուրախ եմ, որ համալսարանի 100 տարիներից 36-ը ես դասավանդում եմ ԵՊՀ-ում»,- ասաց պրոֆեսոր Մանասերյանը:
Նշենք, որ գրքերի ցանկում էին ամերիկացի հայտնի մարքեթոլոգ Ֆիլիպ Կոտլերի գրքերը, ինչպես նաև բիզնես իրավունքի, մարքեթինգի մասին գրքեր:
Միջոցառմանը ներկա էր Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
«Պրոֆեսոր Մանասերյանի այս նախաձեռնությունը մի գեղեցիկ առիթ է նաև խոնարհումով հիշելու նրա երջանկահիշատակ պապին՝ բանասեր Մանասեր Մանասերյանին, որը Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակից էր, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, համալսարանի հիմնադրման նախաձեռնողներից և առաջին ամբիոնի վարիչներից մեկը»,- պատմեց Ալեքսանդր Սաֆարյանը:
Նա նշեց, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է 200-ից ավելի անուն գիրք նվիրել ԵՊՀ գրադարանին: Դրանք Թուրքիայում, թյուրքալեզու այլ երկրներում, Արևմուտքում, ՌԴ թյուրքալեզու սուբյեկտներում տպագրված գրքեր են, և դրանց երկրորդ օրինակը չկա ո՛չ Ազգային, ո՛չ ՀՀ ԳԱԱ գրադարաններում:
«ԵՊՀ 100-ամյակի նախօրյակին գրադարանի տնօրինության հետ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին ԵՊՀ գիտական գրադարանին նվիրել տարիների ընթացքում իրենց ամբարած այն եզակի գրքերը, որոնց երկրորդ օրինակները չկան նույնիսկ Ազգային և ՀՀ ԳԱԱ գրադարաններում»,- ամփոփեց պրոֆեսոր Սաֆարյանը:
Մարի Ռաֆյան