- Գլխավոր
- Նորություններ
- ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մայիս 15, 2018 | 14:18
Գիտություն
Ուսանողական
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
«Հետադարձ հայացք» ծրագրի հերթական զրուցակիցը ԵՊՀ ՈՒԳԸ 2012-2015 թթ. նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյանն է:
-Ինչպե՞ս ընտրեցիք պատմաբանի մասնագիտությունը։
-«Քվանտ» վարժարանում հումանիտար հոսքում էի սովորում և այդ ուղղությունը ընտրել էի անգլերենի իմացությունս կատարելագործելու համար։ Քանի որ տարիներ շարունակ հատկապես Պատմություն առարկայից օլիմպիադաներում հաջողություններ էի ունենում ու ավարտական տարում հանրապետական օլիմպիադայում դարձա բացարձակ հաղթող, սկզբում մտածում էի, և ուսուցիչս էլ հորդորում էր ընդունվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բայց հայտը լրացնելու ժամանակ հասկացա, որ ավելի ճիշտ կլինի ընտրել պատմաբանի մասնագիտությունը։ Որևէ կերպ չեմ ափսոսում մասնագիտական ընտրության համար, որովհետև այս ոլորտում ինձ զգում եմ շատ ավելի վստահ, քան որևէ այլ ոլորտում կզգայի։
-Ինչպե՞ս տեղեկացաք ՈՒԳԸ-ի մասին։
-ՈՒԳԸ-ի մասին տեղեկացա Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչից՝ Բաբկեն Հարությունյանից։ Նա ինձ պատմեց, որ ինքը եղել է ՈՒԳԸ-ի «Լատինամերիկյան երկրների հարցերով» ակումբի ղեկավար։ Ես առաջին կուրսում էի և չէի կարող ՈՒԳԸ անդամ դառնալ, բայց ինձ համար բացառություն արեցին։ Այդպես սկսվեց երկար ճանապարհը։
-Ո՞րն է Ձեր կազմակերպած ամենապատասխանատու միջոցառումը ՈՒԳԸ նախագահ լինելու տարիներին։
-Սովորաբար մեծ կարևորություն են տալիս տարեկան նստաշրջաններին, բայց ինձ համար ամենապատասխանատու ու կարևոր միջոցառումը Գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման ծրագրի մեկնարկն էր, ինչը շատ փայլուն տեղի ունեցավ։ Դա թիմային աշխատանքի արգասիքն էր, որը նշանավորվեց տարբեր ֆակուլտետներում նոր կադրերի ի հայտ գալով։ Միջոցառմանը մասնակցեց 220 հոգի, դահլիճում պարզապես տեղ չկար, ինչն անսպասելի էր։
-Կա՞ մի դեպք, որը Ձեր մեջ տպավորվել է ՈՒԳԸ նախագահ լինելու տարիներից։
-Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Մենք կենտրոնական ՈՒԳԸ-ն պայմանական կերպով ու հումորով անվանում էինք «Կենտրոնական խորհուրդ», ինչպես խորհրդային տարիներին էր կոչվել։ Սկզբնական շրջանում այստեղ փոքր-ինչ տարբեր հայացքների տեր մարդիկ էին հավաքված, ու մի հետաքրքիր դեպք եղավ. մի քանի հոգով համոզել էինք ՈՒԳԸ քարտուղարին, որ հաշվապահությունից մեզ ՈՒԳԸ կոմունալ վճարների հաշիվ են ներկայացրել, չվճարելու դեպքում լույսը կանջատեն։ Դարակներից մեկում գումար էինք դրել, ու նա վստահ ու պատասխանատու կերպով այդ գումարը վերցրել էր ու գնացել համալսարանի դրամարկղ, որպեսզի վճարի։ Այդպես մենք փորձում էինք մեր աշխատանքային մթնոլորտը հանգստացնել, որովհետև թաղված էինք խմբագրական աշխատանքների մեջ։
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գիտական հոդվածի վերնագիրը։
-Ամենայն հավանականությամբ «Ավստրալիայի հայ համայնքը (ձևավորման օրվանից մինչև մեր օրերը)»։
-Ի՞նչն է Ձեզ համար ՈՒԳԸ-ն առանձնացնում մնացած ուսանողական կառույցներից։
-ՈՒԳԸ-ն ուսանողների համար հետազոտական աշխատանքների ներկայացման հարթակն է։
-Դեռ բավական երիտասարդ եք, բայց գիտության ասպարեզում բազմաթիվ ձեռքբերումներ ունեք, ի՞նչն է Ձեզ համար գիտությամբ զբաղվելու խթան հանդիսացել ու շարունակում հանդիսանալ։
-Շատ գործոններ են նպաստել, որպեսզի ես ընդգրկվեմ հետազոտական աշխատանքներում։ Եթե փորձեմ սկզբնական մի գործոն նշել, դա կլինի ստեղծագործական ձիրքը, որովհետև երբ զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, չեմ զգում՝ ինչպես է անցնում ժամանակը, իսկ մնացած գործերով զբաղվելիս այդ զգացողությունը միշտ լինում է։
-Զգո՞ւմ եք ՈՒԳԸ-ի դերը Ձեր հաջողություններում։
-Դժվար է ասել։ Մի բան կարող եմ միանշանակ ասել. ՈՒԳԸ-ն կարևոր դեր է ունեցել իմ կազմակերպչական ձիրքը և խմբագրական հմտությունները կատարելագործելու հարցում։
-Որպես ՈՒԳԸ նախագահ Ձեր վերջին հարցազրույցում ասել եք, որ ՈՒԳԸ նախագահին բնորոշ հատկանիշը ստեղծարարությունն է։ Իսկ ո՞րն է ՈՒԳԸ անդամին բնորոշ հատկանիշը։
-Պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, նկատում եմ, որ վերջին շրջանում ուսանողական կառույցներում պատասխանատվությունը զգալիորեն նվազել է։ Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական դժվարությունները Հայաստանում և հատկապես ուսանողի կյանքում՝ ուսանողների համար աստիճանաբար նախընտրելի է դառնում վարձատրվող աշխատանքով զբաղվելը, քան` կամավորական աշխատանքով, մինչդեռ աշխարհի առաջատար բուհերում հենց կամավորական աշխատանքն է ամենախրախուսելին։ Ուսանողական կառույցների անդամները պետք է գիտակցեն, որ կարևոր գործ են անում և′ իրենց, և′ առհասարակ ուսանողության համար. եթե իրենք ցածր պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործին, մնացած ուսանողների համար ուսանողական կյանքը չի լինի այնքան հետաքրքիր, ինչքան որ իրենք են դարձնում։
-Հատկանիշ, որ պետք է բնորոշ լինի գիտությամբ զբաղվող մարդուն։
-Միանշանակ, ակադեմիական ազնվություն։
-Կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում։
-Չեմ կարող ձևակերպում առանձնացնել, բայց մի բան կնշեմ. մարդ պետք է ունենա իր համար որոշակի սկզբունքներ, որոնք արդարացի կլինեն նաև մյուսների նկատմամբ։
-Ո՞րն է Ձեր կյանքի կարևորագույն ձեռքբերումը։
-Շատ եմ արժևորում այն, որ ունեմ մասնագիտություն։ Դա շարունակական ձեռքբերում է, որը կա և պետք է անընդհատ կատարելագործել։
-Ի՞նչ կմաղթեք ՈՒԳԸ-ին և ՈՒԳԸ անդամներին։
-ՈՒԳԸ-ին կմաղթեմ հաջողություններ և նաև այն, որ ՈՒԳԸ-ի կողմից հրատարակվող ժողովածուները շարունակեն մնալ ԲՈՀ-ի կողմից ընդունելի։ Արդեն ժամանակն է, որ քայլ կատարվի առաջ, ու փորձ արվի ընդգրկվելու միջազգային շտեմարաններում։ Թող ասածս չափազանցություն չհնչի, բայց դրա համար իսկապես ներուժ կա, իհարկե, դա երկար ու դժվար ճանապարհ է, բայց ավելի կլրջացնի ուսանողների և համալսարանականների վերաբերմունքը ՈՒԳԸ-ի նկատմամբ։
Վերջում հավելենք նաև, որ պարոն Մալխասյանը այսօր էլ ակտիվորեն հետևում և օժանդակում է ՈՒԳԸ աշխատանքներին: 2016թ. ապրիլին Ուսանողական գիտական ընկերության կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու կապակցությամբ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, իսկ 2017թ. դեկտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Հեղինակ՝ Վեներա Ստեփանյան