- Գլխավոր
- Նորություններ
- Իրավագիտության ֆակուլտետում էր Ռ. Բասսիլին
Հոկտեմբեր 15, 2018 | 13:26
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Իրավագիտության ֆակուլտետում էր Ռ. Բասսիլին
Ինչպե՞ս հասնել հաջողության
Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր հայազգի գործարար, բարերար և ներդրող Ռոբերտ Բասսիլին: Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնը ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառումը հետաքրքրել էր ոչ միայն Իրավագիտության ֆակուլտետի, այլև Հայ բանասիրության, Մաթեմատիկայի և Միջազգային հարաբերություններ ֆակուլտետների ուսանողներին: Հանդիպման լեզուն անգլերենն էր: Սկզբում պրն. Բասսիլին ներկա ուսանողներին հղեց հետաքրքիր հարցեր, օրինակ` ճշմարտությո՞ւն, թե՞ ազատություն, ինչպե՞ս կույրին բացատրել դեղին գույնը և այլն, որպեսզի փորձեր հասկանալ նրանցից յուրաքանչյուրի էությունը:
Պրն. Բասսիլի կարծիքով հաջողության հասնելու մի քանի մակարդակ գոյություն ունեն, որոնք անհատին պիտի միշտ ուղեկից լինեն: Ամենակարևոր կետը, որ պրն. Բասսիլին նշեց, այն էր, որ մարդկանց հետ հարաբերություններն առաջնորդ լինելու հիմնաքարն է: Առաջնորդ լինելով էլ հասկանում ենք, որ պետք է ծառայենք հասարակությանը: Պրն. Բասսիլի հետ հանդիպումը ուսանողներին տվեց մեծ փորձ, քանի որ նա վառ օրինակ էր բանիմաց ու ճարպիկ մարդ-կերպարի: Ուսանողները հանդիպման երկրորդ հատվածում հարցեր հղեցին հյուրին: Հանդիպումը տպավորիչ էր երկու կողմերի համար էլ:
Այսպիսով՝ ձևավորվեց բարեկամություն ֆակուլտետի և հայազգի հյուրի միջև:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան