- Գլխավոր
- Նորություններ
- Այց հայ նշանավոր գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարան
Հոկտեմբեր 15, 2018 | 13:39
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
Այց հայ նշանավոր գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարան
«Երվանդ Քոչարի կտավներում մի անհասկանալի լռություն է նկատվում...»
Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաճանաչողական այց հայ նշանավոր գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարան։
Թանգարանում ուսանողները ծանոթացան Էրեբունի-Երևան-2800 տոնակատարությունների շրջանակներում սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը կազմակերպված հոբելյանական ցուցադրությանը։ Իրենց այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալ Երվանդ Քոչարի անձնական և ստեղծագործական կյանքի հայտնի ու անհայտ դրվագներին։
Ցուցադրության ընթացքում ուսանողներին ներկայացրեցին քանդակագործի մի քանի աշխատանքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց գեղեցկությամբ և նրբագեղությամբ։ Ուսանողների ուշադրությունը առավել գրավեց «Մելամաղձություն» արձանի գիպսե տարբերակը, որը յուրօրինակ հորինվածքով էր պատրաստված։
Ուսանողներին ներկայացրեցին նաև «Հարմոնիա» (1930թ.), «Հարություն» (1923թ.), «Կոմիտաս» (1946թ.), «Գլանակով տղամարդը» (1970թ.), «Էքստազ» (1960թ.), «Պատերազմի արհավիրքը» (1962թ.) կտավները, որոնց գեղեցիկ գույների համադրության, հորինվածքի և այլնի շուրջ հետաքրքիր քննարկում ծավալվեց։
Քննարկման ընթացքում ուսանողներից մեկը նշեց. «Երվանդ Քոչարի կտավներում մի անհասկանալի լռություն է նկատվում և թվում է թե դիտողը ինքն էլ պետք է լռի, որ հասկանա կտավներում պատկերվածը»։ Ուսանողներից մեկն էլ մեջբերեց մեծ քանդակագործի խոսքերը՝ «Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձևով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի և ընկալվում է ակնածությամբ»։
Իրենց մասնակցությամբ ուսանողները նաև իրենց փոքրիկ նպաստ բերեցին Շիրակի երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքներին։
Հեղինակ՝ Արգամ Համբարձումյան