- Գլխավոր
- Նորություններ
- Այց ՀՀ Սահմանադրական դատարան
Հոկտեմբեր 22, 2018 | 14:06
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Այց ՀՀ Սահմանադրական դատարան
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցը Սահմանադրական դատարան, որ կազմակերպել էր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից։ՀՀ Սահմանադրական դատարանը լուծում է հանրային-իրավական կարևորության այնպիսի գործեր, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Սահմանադրության նորմերի մեկնաբանման ու կիրառման, իրավական, քաղաքական անվտանգության, հանրային իշխանության անընդհատության, իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց սահմանադրական գործառույթների անվերապահ կատարման, ինչպես նաև օրենքով նրանց վերապահված լիազորությունների սահմանադրականության որոշման հետ։
Նման միջոցառման կազմակերպման կարևորությունը այն է, որ ուսանողները հաղորդակից լինեն Սահմանադրական դատարանի գործունեությանը և նրա դերակատարությանը ՀՀ իրավական համակարգում։ Սահմանադրական դատարան այցելությունը մեծ նշանակություն ունի նաև ուսանողության շրջանում սահմանադրական իրավագիտակցության ձևավորման և բարձրացման համար։ Այցի շրջանակներում ուսանողները մանրամասն ծանոթացան ՍԴ գործունեությանը, նրանց հանգամանալից բացատրվեց Սահմանադրական Դատարանի կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական և առավել քան էական դերակատարությունը սահմանադրական արդարադատության իրականացման գործում, պարզաբանվեց դիմումների ընդունման և ՍԴ որոշումների կայացման ընթացակարգը։ Ուսանողները բանախոսներին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով բովանդակալից և սպառիչ պատասխաններ:
Հեղինակ ` Վիկտորյա Հակոբջանյան