- Գլխավոր
- Նորություններ
- Մասնակցե՞լ, թե ոչ...
Նոյեմբեր 07, 2018 | 13:48
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Մասնակցե՞լ, թե ոչ...
Հարցազրույց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախկին նախագահ Օֆելիա Գրիգորյանի հետ, ով այժմ ֆակուլտետի ասպիրանտուրայի ուսանող է: Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք արդեն ավանդույթ դարձած սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրմանը նվիրված գիտաժողովին:
— Պատմեք, թե ինչպես դարձաք ՈՒԳԸ անդամ, ապա՝ նախագահ։ Ի՞նչ տվեց Ձեզ ՈՒԳԸ անդամակցությունը։
— 2012-ին ֆակուլտետի միջանցքներից ինձ պատահաբար բռնեցին ու պատմեցին ՈՒԳԸ-ի մասին. լրիվ պատահական դարձա ՈՒԳԸ անդամ։ Մոտ երկու ամիս հետո կազմի փոփոխություն տեղի ունեցավ՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն ավարտեց, քարտուղարը դարձավ նախագահ, և կար քարտուղարի թափուր հաստիք։ Ինձ առաջարկեցին դառնալ քարտուղար։ Էնտուզիազմս մեծ էր, պատճառ չունեի մերժելու։ Դարձա նախ քարտուղար, մի կիսամյակ հետո՝ նախագահ։ Մոտավորապես 2 տարի եղել եմ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, իսկ որոշ ժամանակ անց՝ ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ։
— Ե՞րբ է տրվել ֆակուլտետում ամենամյա գիտաժողովների անցկացման մեկնարկը։
— Առաջին գիտաժողովին ներկա չեմ եղել։ Մեզ գիտաժողովն արդեն ներկայացվել է որպես ավանդական։ Գիտաժողովն անցկացվում է ֆակուլտետի ձևավորումից և առանձնացումից ի վեր։ Ես՝ ինքս առաջին անգամ գիտաժողովին մասնակցել եմ 2011-ին։
— Տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են նկատվել գիտաժողովի ձևաչափում։
— Ձևաչափը միշտ նույնն է եղել։ Սկզբնական շրջանում IPSC ընկերությունը (ներկայում՝ Breavis) ամենալավ զեկույցների հեղինակների համար մրցանակային երեք տեղեր էր առանձնացնում և հատկացնում դրամական պարգևներ։ Հետագայում դա դադարեցվեց։ Մրցանակային տեղեր զբաղեցած զեկույցների հեղինակներն այժմ պարգևատրվում են ֆակուլտետի դեկանի կողմից։ Գիտաժողովն ու նրա ընթացակարգը շատ բալանսավորված են։ Ֆակուլտետային ՈՒԳԸ կազմի և նախագահի փոփոխությունն ենթադրում է որոշակի փոփոխություններ կազմակերպչական առումով, բայց նորարարությունները շատ չեն ներխուժում։ Ամեն տարի փոխվում է ժյուրիի կազմը։ Այստեղ պարբերաբար ընդգրկվում են նոր մարդիկ. հետաքրքիր է դասախոսներին տեսնել այդ ձևաչափում, լսել նրանց մտքերը և խորհուրդները։
— Ըստ Ձեզ՝ ի՞նչն է գիտաժողովը դարձնում առանձնահատուկ։
— Առանձնահատուկ է այն, որ յուրաքանչյուր տարի հենց ուսանողն է իր զեկույցով գիտաժողովը դարձնում հետաքրքիր։ Միշտ եղել են տարբերվող զեկույցներ։ Գիտաժողովում նկատելի է թեմատիկ ներգրավվածություն. Սոցիոլոգիա, Սոցիալական աշխատանք, Հասարակայնության հետ կապեր, Մարդկային ռեսուրսների կառավարում։ Բոլորը մասնակցում են։ Սա էլ գիտաժողովը դարձնում է թեմատիկ առումով բազմազան։ Դա գիտաժողովի «ամենահամով» կողմն է, որը միշտ թույլ է տալիս գտնել հետաքրքրող թեմա։
— Որպես սոցիալական պլատֆորմ՝ ո՞րն է գիտաժողովի նշանակությունը։ Ո՞րն է կենտրոնական նպատակը։
— Առաջին հերթին՝ խոսել սոցիոլոգիայի մասին։ Սոցիոլոգիան այս դեպքում լայն ենք հասկանում՝ բոլոր թեմատիկ ուղղություններով։ Գիտաժողովն ունի նաև սիմվոլիկ նշանակություն թե՛ ինձ համար, թե՛ շատ այլ շրջանավարտների և թե՛ դասախոսների։ Այն թույլ է տալիս քեզ զգալ որպես սոցիոլոգների հանրույթի մի մասնիկ։ Շատերն ողջ տարվա ընթացքում մեկ օր գալիս են տեսնելու, թե ինչ է կատարվում ֆակուլտետում։
— Նշե՛ք մի քանի դրդապատճառ գիտաժողովին մասնակցելու համար։ Ինչու՞ մասնակցել։
—Մարդիկ շատ տարբեր են, դրդապատճառները՝ նույնպես։ Յուրաքանչյուրն ինքը պետք է գնահատի իր դրդապատճառը: Դրանքվ կարող են լինել շատ տարբեր, սկսած ամենափոքրից՝
•սովորել խոսել լսարանի առաջ
- ստանալ մրցանակ
- ևս մեկ անգամ ներկայանալ դասախոսներին
- մասնակցությունը նշել CV-ում
- լսարանին ներկայացնել քո ուսումնասիրած, քեզ հետաքրքրող թեման...
Իմ կարծիքով ամենակարևոր դրդապատճառն ասելն է, որ դու սոցիոլոգ ես և գիտաժողովն օգտագործել որպես հարթակ սոցիոլոգիայի մասին խոսելու համար:
Հարցազրույցը վարեց` Տատյանա Դարբինյանը