- Գլխավոր
- Նորություններ
- Հոգեբանական խաչբառ
Դեկտեմբեր 12, 2018 | 18:05
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Հոգեբանական խաչբառ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, հոգեբանության բաժնի մի խումբ ուսանողներ կազմել են հոգեբանական խաչբառեր: Խաչբառերն այսուհետ կարող եք գտնել ԵՊՀ 8-րդ մասնաշենքի 3-րդ հարկում, որոնք մինչև տարեվերջ թարմացվելու են ամեն շաբաթ, իսկ հաջորդ կիսամյակ ավելի նորացվելու են: Անդրադառնանք փոքրիկ հարցազրույցին՝ խաչբառի գաղափարն առաջարկող ուսանողուհի` Սուսաննա Շահբազյանի հետ:
Ինչպե՞ս ծագեց հոգեբանական խաչբառերը կազմելու գաղափարը:
Մի օր մեր տանից պատահաբար հին խաչբառեր գտա ու սկսեցի մտածել այն մասին, որ երբ փոքր էի մեր տան անդամները շատ էին խաչբառ գնում ու լրացնում դրանք: Եվ մտածում էի թե ինչու հիմա խաչբառներ չկան կա՛մ շատ քիչ են, կա՛մ էլ, ավելի ճիշտ, ոչ ոք չի գնում: Մտածեցի, որ կարելի է հետ բերել հին սովորությունները, բայց այս անգամ ավելի նորովի մատուցմամբ: Քանի որ սովորում եմ հոգեբանության բաժնում, մտածեցի, որ կարելի է ստեղծվել հենց հոգեբանական խաչբառ՝ հոգեբան դասախոսների ու ուսանողների համար:
Ո՞րն է հոգեբանական խաչբառի նպատակը:
Հոգեբանական խաչբառի նպատակն առաջին հերթին անընդհատ մարզված միտք ու մասնագիտական տերմինաբանությանը լավ տիրապետելու կարողության զարգացումն է: Ուսման ընթացքում մենք անընդհատ նոր տերմիններ ենք սովորում, հաճախ դրանք խառնում ենք իրար ու կարծում եմ խաչբառը դրանց յուրացումը և մտապահումն ավելի կհեշտացնի: Ու ինչպես նշեցի՝ խաչբառը ծառայելու է նաև միտքն անընդհատ մարզված պահելուն, այսինքն՝ խաչբառների օգնությամբ կարող ենք հեշտությամբ վերհիշել մեր անցված դասերն ու թարմացնել գիտելիքները:
Ինչպե՞ս արձագանքեց ֆակուլտետի ՈՒԳԸ թիմը:
ՈՒԳԸ-ի թիմը բնականաբար դրական արձագանքեց ու միանգամից թիմ ձևավորեցինք ու հոգեբանական էքսպոյի ժամանակ արդեն ներկայացրեցինք որոշ խաչբառեր:
Ի՞նչ թիմ է աշխատում հոգեբանական խաչբառի վրա:
Սկզբում թիմը փոքր էր, կազմված էր 5 հոգուց, իսկ հիմա արդեն ունենք մեծ թիմ՝ 12 հոգուց բաղկացած: Թիմում ընդգրկված են հոգեբանության 2-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ:
Ի՞նչ եք կարծում ինչ արձագանք կստանաք ուսանողների և դասախոսների կողմից
Ինչպես նշեցի վերևում հոգեբական էքսպոյին արդեն ներկայացրել էին խաչբառեր և այդ ժամանակթե՛ ուսանողների, թե՛ դասախոսների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ: Կարծում եմ, որ հիմա էլ նույնը կլինի, քանի որ խաչբառը նաև այլընտրանքային ուսուցման ձև կարող է հանդես գալ:
Ինչպե՞ս եք պատկերացնում խաչբառի հետագա զարգացումը և արդյո՞ք դա շարունակական կլինի
Խաչբառը միանշանակ շարունակական կլինի, մինչև տարեվերջ ամեն շաբաթ դրանք թարմացվելու են և նոր խաչբառներ են դրվելու: Իսկ հաջորդ կիսամյակ արդեն նոր և ավելի բարդ խաչբառերով են համալրվելու: Ըստ իս խաչբառն իր ուրույն տեղը կգտնի մեր ֆակուլտետում և հետագա սերունդները նույնպես կշարունակեն կազմել դրանք ու համոզված եմ, որ ավելի լավ, քան մենք:
Հեղինակ՝ Սոնա Մովսիսիյան