- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հունվար 21, 2019 | 11:36
Գիտություն
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ դոկտորներ Ա. Թռչունյանի և Կ. Թռչունյանի հեղինակած «Վերանայված խմորում. ինչպե՞ս են միկրոօրգանիզմները գոյատևում էներգիայի սահմանափակման պայմաններում» վերնագրով տեսակետային հոդվածը տպագրվել է հեղինակավոր «Trends in Biochemical Sciences» 15.678 ազդեցության գործակից ունեցող ամսագրում:
Հոդվածի հեղինակներ են ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:
Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոդվածը վերաբերում է խմորման ընթացքում (Էներգիայի սահմանափակ պայման) պրոտոնաշարժ ուժի այլընտրանքային ուղիների առաջացմանը:
«Այն գիտության մեջ ներկայացնում է «Մանրէների հիդրոգենազները՝ որպես պրոտոնազգայուն համակարգեր» նոր գաղափարը, ինչպես նաև հոդվածում քննարկվում է տարբեր գործոնների դերը պրոտոնաշարժ ուժի կարգավորման գործում»,- հավելեց նա։
Հոդվածի համահեղինակի խոսքով, այս հոդվածը գրելու համար հիմք է հանդիսացել անգլիացի աշխարհահռչակ կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Պիտեր Միտչելի կողմից 1961 թ.-ին առաջարկված քեմիօսմոսային տեսությունը, ըստ որի՝ թթվածնի առկայության պայմաններում միտոքոնդրիումներում մեր օրգանիզմի գլխավոր էներգակիր մոլեկուլ ԱԵՖ-ի սինթեզը զուգորդվում է պրոտոնների տեղափոխմամբ և առաջանում է պրոտոնաշարժ ուժ։
«Մենք նրա տեսությանն ավելացրել ենք խմորման ընթացքում պրոտոնաշարժ ուժի առաջացման նոր այլընտրանքային ուղիների առկայության հնարավորությունները և փորձնականորեն ցույց տվել, որ հիդրոգենազ ֆերմենտները ներդրում ունեն այս գործընթացում»,- ասաց նա և ընդգծեց, որ խմորման ընթացքում նմանատիպ հետազոտություններն ունեն նաև մեծ կիրառական նշանակություն բժշկության ոլորտում, քանի որ կարող են օգտագործվել տարբեր բակտերիաների ոչնչացման, հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, հաղթահարման համար։
Նադեժդա Տեր-Աբրահամյան