- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 26, 2019 | 13:56
Հասարակություն
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 23-27-ը ներառյալ ԵՊՀ կենտրոնական շենքի նախամուտքում գործելու է Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի համատեղ «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» հետազոտական ծրագրին նվիրված պաստառների ցուցահանդեսը:
Ծրագրի հայաստանյան համաղեկավար, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և «Erasmus+» փոխանակման ծրագրով Ֆլորենցիայի համալսարանում ուսանած ԵՊՀ ուսանողներն այսօր ներկայացրին ծրագրի մանրամասները:
«Արդեն 7-րդ տարին է՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը համագործակցում է Ֆլորենցիայի համալսարանի հետ: Ընդհանուր գաղափարը ծագել է իմ մտահոգությունից, ինձ համար ցավալի է, որ միջազգային հարթակում Հայաստանը՝ որպես Մետաքսի ճանապարհի երկիր, լուրջ դերակատարություն չունի: Տիգրանակերտը հայտնագործելուց և խաչքարերը հետազոտելուց ու միջազգային հանրությանը ներկայացնելուց հետո ես որոշեցի մեր ունեցած հնարավորություններով հետազոտել Մետաքսի ճանապարհը»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա նշեց, որ հետազոտվող հուշարձանների մեծ մասը կանգուն է: Դրանք հիմնականում քարավանատներ, կամուրջներ ու վանքեր են, և քանի որ պեղումների մեծ հնարավորություն չկա, իրենք հետազոտում են հուշարձանները, ինչը կոչվում է թեթև հնագիտություն. «Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են քարը կտրել ու տաշել, ինչ գործիքներով, կառուցելիս ինչ հերթականությամբ են օգտագործվել: Նշված բոլոր մանրամասները, ցավոք, մեր ճարտարապետության պատմության մեջ նույնպես չկան, և մեր ցուցահանդեսը ներկայացնում է այդ բոլոր հետազոտությունների մանրամասները»:
Համլետ Պետրոսյանը կարևորեց ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներին՝ հավելելով, որ դրանց մասնակցում են նաև ֆակուլտետի դասախոսներ Տատյանա Վարդանեսովան և Հայկուհի Մուրադյանը:
Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներ Ջուլիետա Գրիգորյանը և Արթուր Ղամբարյանը, որոնց հնարավորություն է ընձեռվել փոխանակման ծրագրով 6 ամսով սովորելու Ֆլորենցիայի համալսարանում, խոսելով ծրագրի մասին, նշեցին, որ այն հիանալի հնարավորություն էր՝ օտար լեզվի իմացությունը կատարելագործելու, գործնական նոր գիտելիքներ ձեռք բերելու, իսկ հետագայում Հայաստանում նոր մեթոդաբանությամբ աշխատելու համար:
Ջուլիետա Գրիգորյանը հայ-իտալական համագործակցության շրջանակում մոտ մեկ տարի առաջ առիթ է ունեցել մասնակցելու մեկշաբաթյա հետազոտական աշխատանքների Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ հետազոտելով հրեական գերեզմանատունը:
Նա հույս հայտնեց, որ հայ-իտալական համագործակցությունն աստիճանաբար կընդլայնվի և կոչ արեց ուսանողներին ակտիվ լինելու՝ մասնակցելով նմանօրինակ փոխանակման ծրագրերի:
Արթուր Ղամբարյանն էլ ասաց, որ Իտալիայի Վերոնա քաղաքի մոտակայքում 24-30-հոգանոց արշավախմբով մասնակցել են երկշաբաթյա պեղումների՝ պեղելով նեոլիթյան ժամանակաշրջանի մի բնակատեղի. «Հիանալի հնարավորություն էր մեզ համար, քանի որ ի տարբերություն միջազգային փորձի՝ Հայաստանում պեղումներ կատարելիս հիմնականում օգտագործվում է սովետական ժամանակաշրջանում ձեռք բերված գիտելիքը»:
Հասմիկ Ասլանյան