- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ». ԵՐԿՐՈՐԴ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՈՎ
Հոկտեմբեր 03, 2019 | 15:48
Հասարակություն
«ՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ». ԵՐԿՐՈՐԴ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՈՎ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում վաղ առավոտից ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ հավաքվել էին՝ արտահայտելու իրենց դիմում-բողոքը ԿԳՄՍ նախարարությանը և ԵՊՀ ղեկավարությանն առ այն, որ երրորդ լուծարքային շրջան չլինելու պատճառով մի շարք ուսանողներ հեռացվել են համալսարանից:
Ավելի վաղ ysu.am-ը տեղեկացրել էր, որ 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն՝ բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 136 և հեռակա ուսուցման համակարգի 90 ուսանող չի հավաքել անհրաժեշտ կրեդիտները, այսինքն՝ ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն:
«Մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի 2-րդ լուծարքի ամփոփագրի համաձայն՝ 24 մագիստրոս չի հավաքել կրեդիտների պահանջվող չափը: Եվ հետևաբար, առկա ուսուցման համակարգի 14 և հեռակա ուսուցման համակարգի 10 մագիստրոս ևս ունի ակադեմիական անբավարար առաջադիմություն»,- հոկտեմբերի 1-ի ռեկտորատի նիստի ժամանակ պարզաբանել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և տեղեկացրել, որ նրանց, ըստ կարգի, որոշվել է հեռացնել:
ysu.am-ը զրուցեց դիմում-բողոքով հանդես եկող ուսանողների հետ:
Նրանք պարզաբանեցին, որ երրորդ լուծարքային շրջան չլինելու մասին իրենք տեղեկացված չեն եղել:
«Մեր համակուրսեցիները համալսարանից հեռացվել են իրազեկված չլինելու պատճառով. այդ մասին անգամ դասախոսը չի տեղեկացրել»,- ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանը:
Նա նշեց, որ իրենց դիմում-բողոքի նպատակն է ևս մեկ հնարավորություն տալ ուսանողներին վերահանձնելու լուծարքը:
«Այն միայն ԵՊՀ ուսանողների խնդիրը չէ, այլ վերաբերում է նաև մյուս բուհերի ուսանողներին, ուստի խնդրում ենք ԿԳՄՍ նախարարությանը հարցը վերանայել»,- նշեց նա:
Պատվական Մարգարյանի տեղեկացմամբ, ԵՊՀ-ից հեռացված ուսանողներն անգամ չեն իմացել այդ մասին. «Մենք տեղեկացվել ենք ԵՊՀ կայքից, մինչև այդ որևէ ուսանող չի իմացել և սովորականի նման եկել է դասի»:
4-րդ կուրսի ուսանողուհի Լեմզա Հունանյանի խոսքով, իրենց նպատակը ոչ թե բողոքելն է, այլ խնդրելը, որ ուսանողները ևս մեկ հնարավորություն ստանան քննությունը վերահանձնելու. «Նրանց շարքերում եղել են ուսանողներ, որոնք հիվանդանոցում են եղել, մի մասը հետաձգել են քննությունն ինչ-ինչ պատճառներով, իսկ նրանց, ովքեր ներկայացել են, դասախոսը վստահեցրել է, որ երրորդ լուծարքի հնարավորություն ունեն, ուրեմն կարող են ավելի լավ պատրաստվել»:
Ուսանողները նշեցին, որ պատրաստվում են շրջել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում և այդ մասին իրազեկել ուսանողներին, ինչպես նաև հարցին լուծում չտրվելու դեպքում պատրաստվում են դիմում-բողոքով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք շրջում են «Հավաք հանուն հնարավորության» պաստառներով:
Անգին Խաչատրյան