- Գլխավոր
- Նորություններ
- Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը:
Հոկտեմբեր 10, 2019 | 11:12
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը:
Ս.թ. հոկտեմբերի 4-ին Քիմիայի ֆակուլտետ էին այցելել ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմակերպիչ Հռիփսիմե Ալեքյանը, ովքեր ներկայացրեցին ուսանողներին մրցույթի հիմնական խնդիրների, անվանակարգերի և նախագծերի գնահատման չափորոշիչների մասին:
Ռոզա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրն ուղղված է հայ երիտասարդությանը դեպի գյուտարարություն, դեպի գաղափարների իրականացում խթանելուն: Այն 2015թ-ից դարձել է հայաստանաբնակ, իսկ 2016թ-ից սփյուքահայ երիտասարդների համար հարթակ իրենց գաղափարները հանրությանը լսելի և տեսանելի դարձնելու համար:
Անշուշտ կարևոր է իմանալ, թե ի՞նչ արդյունքներ է տալիս մրցույթին մասնակցելը, այդ ամենի մասին լսարանի հետ կիսվեց մրցույթի նախորդ տարիների մասնակից, Քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աշխեն Արզումանյանը, ով դեռ դպրոցական տարիներին մասնակցել է մրցույթին,-« Այժմ դպրոցում դեռ շարունակվում են հետազոտություններն այդ ուղղությամբ և իրենց նախագիծը ներկայացրել են մի շարք երկրներում»:
Այս տարի մրցույթի անվանակարգերը հինգն են ՝
- Քիմիական գիտություններ
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Մանկավարժական գիտություններ
- Ճարտարապետություն
- Սոցիոլոգիական գիտություններ
«Լինելով Քիմիական ֆակուլտետի ուսանողներ, դուք ունեք մեծ հնարավորություններ ուսանելու տարիներին ձեռք բերած ձեր գիտելիքներն ուղղորդել դեպի նորարարական մտածողություն, քիմիական արդյունաբերության վերահսկում, նոր միացությունների սինթեզ և այլ ասպարեզներ որտեղ անհրաժեշտ է քիմիան»,-նշեց մրցույթի կազմակերպիչներից Հռիփսիմե Ալեքյանը: Եվ իրոք, ֆակուլտետի ուսանողների հետաքրքրվածությունը մրցույթի մասնակցության շատ մեծ էր, որը վկայում էր նրանց ակտիվ հարցերն ուղղված մրցույթի կազմակերպիչներին: Հարցերն ամենատարբեր էին. Ի՞նչ ֆորմատ է պահանջում մրցույթին մասնակցելը, արդյո՞ք ապահովվում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը, արդյո՞ք միայն գաղափարը հերիք է մասնակցության համար, տրվու՞մ է ֆինանսավորում հաղթող ծրագրերին և այլն:
Նախագիծը պետք է ներկայացվի հայերեն լեզվով, թղթային և էլեկտրոնային կրիչով, կարող են ներառել վիդեո, աուդիո նյութեր, սխեմաներ և այլն: Հայտերի լրացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
Ուսանոցներին ուղղված իր խոսքում ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանն ասաց.-« Ձեր համար, որպես երիտասարդ մեծ ձեռքբերում կլինի գիտության մեջ, եթե ձեր գաղափարն հասնի ճիշտ նպատակին, լինի հայրենանվեր և մեծ ներդրում լինի Հայաստանի տնտեսության համար»:
Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան