- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵԶ ՈՒ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ». ՌԻՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մայիս 06, 2022 | 10:14
«ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵԶ ՈՒ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ». ՌԻՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Ռիմա Ավետիսյանը «Էրազմուս+» ծրագրով Ֆրանսիայի Լիլի համալսարանում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Մայր բուհ՝ շարունակելու զարգացնել մասնագիտական հմտությունները:
Պատմում է Ռիմա Ավետիսյանը:
Մասնագիտութան ընտրությունը՝ ճակատագիր:
Միշտ հպարտությամբ եմ նշում, որ սովորում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում: Երբ առաջին անգամ եկա ֆակուլտետ ու շրջեցի լաբորատորիաներով, առանց երկմտելու՝ որոշեցի ընդունվել հենց այդ ֆակուլտետ: Բացի նրանից, որ շատ եմ սիրում մասնագիտությունս և աշխատում եմ մեծ հաճույքով. մանրէաբանությունը 21-րդ դարի գիտության ճյուղ է և ներկայումս ամենապահանջված մասագիտություններից մեկը։
ԵՊՀ-ում ստացած կրթությունն ու ընձեռած հնարավորությունները լավագույնն են։
Մեր ֆակուլտետում ես ձեռք եմ բերել գիտելիքների շատ մեծ պաշար։ Այնտեղ էլ մասնագիտական հարուստ գիտելիքներիս շնորհիվ դժվարության չեմ հանդիպել: ԵՊՀ-ում մենք օգտվում ենք թե՛ տարբեր լեզուներով գիտական հոդվածներից, թե՛ ժամանակակից սարքավորումներից: Մշտապես կապի մեջ ենք եղել մեր դասախոսների, հատկապես Աննա Փոլադյանի հետ, ով մեզ շատ է օգնել: Տարիել Դանիելյանը ևս այն մարդկանցից էր, որ մեզ օգնելու և կրթությունը Լիլի համալսարանում շարունակելու համար ջանք ու եռանդ չխնայեց։
Հայաստանի մասին աշխարհին պատմելու ևս մեկ միջոց։
Մի քանի ամիսների ընթացքում մենք ծանոթացանք տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ և առիթը բաց չէինք թողնում՝ բոլորին պատմելու մեր երկրի մասին, ներկայացնելու մեր պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, պատերազմները…
Ֆրանսերենի դասերից մեկի ժամանակ, երբ դասախոսը հարցրեց՝ ինչ հոբբի ունենք, ընկերուհիս «մատնեց», որ ես կարողանում եմ լավ երգել։ Շատ էի ամաչում, սակայն համոզեցին, ու երգեցի «Թռչեի մտքով տուն» երգը: Երբեք չէի պատկերացնի, որ այդքան մարդկանց ներկայությամբ անկաշկանդ կերգեի, և ներկաները կհուզվեին իմ երգից՝ առանց բառերը հասկանալու:
Ես կարծում եմ՝ պետք է ամենուր օգտագործել մեզ ու մեր պատմությունը ճանաչելի դարձնելու հնարավորությունը։
Մայր բուհի բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս՝ օգտվեն նման հնարավորություններից, ոչնչից չվախենան և մասնագիտության մեջ առավել հմտանալու ուղղությամբ միշտ քայլեր ձեռնարկեն: