- Գլխավոր
- Նորություններ
- 2018-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբեր 27, 2018 | 16:00
Գիտություն
2018-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ
Հայտնի «Science» ամսագիրը, ամփոփելով տարին, կազմել է ցանկ, որտեղ ներառել է տարվա գիտական կարևոր հայտնագործությունները, ինչպես նաև արձանագրել է տարվա ձախողումներն ու հիասթափությունները:
Ցուցակի մեջ տեղ են գտել ընդամենը տասը գիտական հայտնագործություն, որոնցից ամենակարևորը «Science» ամսագիրը համարում է ցողունային բջիջների զարգացմանը նվիրված ուսումնասիրությունը:
Այդ հետազոտության ընթացքում գիտնականները կարողացել են պարզել, թե հատկապես որ գեներն են ակտիվություն դրսևորում ռիբոնուկլեինաթթվի արտադրության ժամանակ:
Նշվում է, որ ուսումնասիրության արդյունքներն ապագայում հնարավորություն կտան վերահսկելու առանձին բջիջների, հետևաբար նաև ամբողջ օրգանիզմի զարգացումը:
Տարվա ամենակարևոր գիտական իրադարձություններից մեկն է նաև բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուրի հայտնագործումը:
Վերջինս ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկայի ամենաարդիական և կարևոր մարտահրավերներից մեկն է:
Այս հայտնագործությունն առանձնանում է նրանով, որ գիտնականների միջազգային խմբի կազմում ընդգրկված են եղել նաև Հայաստանի ԳԱԱ «ԻԿՐԱՆԵՏ» կենտրոն միջազգային կազմակերպության գիտնականները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հարավային բևեռում տեղակայված «IceCube» դիտակով գրանցված նեյտրինոները մեր մոլորակից չորս միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող տիեզերական աղբյուրից՝ բլազարից են առաջանում:
Նեյտրինոները լույսի արագությամբ շարժվող մասնիկներ են, որոնք կարող են առանց կլանման տարածվել միլիարդավոր լուսային տարիների հեռավորությամբ, և հենց այս առանձնահատկությունն էլ թույլ է տալիս տիեզերքն ուսումնասիրել իր ամենահեռավոր աղբյուրներով։
Հայտնագործված նոր աղբյուրն անվանվեց «TXS 0506+056» աղբյուր:
Հաջորդ կարևոր գիտական իրադարձության հետքերը մեզ տանում են դեպի Գրենլանդիա:
Գիտնականների միջազգային խումբն այստեղ հայտնաբերել է խառնարան, որն առաջացել է երկնաքարի ընկնելու հետևանքով։
Սառույցի տակ գտնված խառնարանի տրամաչափը 31 կիլոմետր է, իսկ ընդհանուր տարածքն ավելի մեծ է, քան Փարիզը։
Ըստ հետազոտողների՝ երկնաքարը, հավանաբար, ընկել է շուրջ 12 հազար տարի առաջ՝ սառցադաշտերի վերջին ժամանակահատվածում։
Գիտական տարվա մյուս կարևոր ձեռքբերումը մարդկության պատմությանը հայտնի ամենահին կենդանու հետքերի հայտնաբերելն է:
Հայտնաբերությունը հնարավոր է դարձել ճարպային բջիջների հետքերի ուսումնասիրության շնորհիվ, որոնք պահպանվել են քարերի վրա:
«Dickinsonia» կոչվող կենդանու ճարպային մոլեկուլների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երկրի վրա ապրել է 550 միլիոն տարի առաջ, ինչն էլ նշանակում է, որ «Dickinsonia» կենդանին մարդկությանը հայտնի ամենատարեց կենդանին է:
Ներկայացնելով տարվա գիտական կորուստները՝ «Science» ամսագիրն առանձնացնում է Բրազիլիայի 200-ամյա ազգային թանգարանի նմուշների «կրակե մահը»:
Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում կար մոտ 15 մլն. նմուշ, այդ թվում՝ հնագիտության, ազգագրության, անտրոպոլոգիայի, երկրաբանության ոլորտներից:
Ցուցանմուշների մեջ կային նաև Հին Եգիպտոսին վերաբերող նմուշներ, որոնք կայսր Պեդրու Առաջինի հավաքածուին էին պատկանում, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն և այլն:
Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ձախողման կողքին «Science» ամսագիրը գիտական ձախողում է համարել նաև չինացի գիտնական Հի Ժյանկույի (He Jiankui)՝լաբորատոր պայմաններում գենետիկորեն ձևափոխված երեխաների ստեղծումը:
Գիտնականի խոսքով՝ գենետիկ փոփոխությունների շնորհիվ երեխաներն այժմ անխոցելի են ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ:
Սակայն չինացի գիտնականի այս ոգևորվածությունը չեն կիսում իր գործընկերներն աշխարհի տարբեր երկրներից, համարելով, որ իրականացվել է բարոյականությանն ու էթիկայի նորմերին դեմ «հրեշավոր գիտափորձ»: