- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում շարունակվում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր ծրագրի ընդունելությունը
Հունիս 21, 2023 | 17:31
Կրթական ծրագրեր
Կրթություն
ԵՊՀ-ում շարունակվում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր ծրագրի ընդունելությունը
2023/2024 ուստարվանից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական նոր կրթական ծրագիրը, որի ղեկավարը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, ի․գ․թ․ Եղիշե Կիրակոսյանն է:
Ծրագրի նպատակը
Առկա ուսուցմամբ և 3 կիսամյակ տևողությամբ կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ միջազգային իրավունքի, միջազգային դատարանների և արբիտրաժի ոլորտում: Դասընթացները կազմակերպվելու են երեկոյան ժամերին:
Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, ստանալու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, հասկանալու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Դասախոսական կազմը
Ծրագիրն իրականացվում է միջազգային իրավունքի ոլորտում գիտական և պրակտիկ աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսների ներգրավմամբ, որոնք, միևնույն ժամանակ, ՀՀ-ում ճանաչված և բարձր համբավ ունեցող մասնագետներ են: Դասախոսական կազմում ներգրավված են նաև արտասահմանյան առաջատար բուհերում դասավանդող դասախոսներ, միջազգային իրավախորհրդատվական կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային դատարաններում ու արբիտրաժային գործընթացներում պրակտիկ գործունեություն ծավալող մասնագետներ:
Ընդունելություն
Ընդունելության հայտ ներկայացնելու համար դիմորդը պետք է ունենա իրավագիտության բակալավրի աստիճան, բարձր առաջադիմություն և անգլերենի գերազանց իմացություն, վերլուծական կարողություններ, միջազգային հանրային իրավունքի իմացություն և այլն:
«Իրավագիտություն» մասնագիտությամբ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը կազմակերպվում է հատուկ կարգի հիման վրա՝ մրցույթի արդյունքներով, և բաղկացած է երկու փուլերից։
Առաջին փուլում անհրաժեշտ է ներկայացնել ծրագրի դիմում-հայտը, անգլերենով կազմված մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (Resume/CV), առկայության դեպքում՝ նաև այլ վերաբերելի փաստաթղթեր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ կրթական ծրագրերի մասնակցությունը հավաստող դիպլոմների, հավաստագրերի պատճեններ)։
Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլը, կանցկացվի անգլերենով, որի ընթացքում դիմորդից կպահանջվի բանավոր ներկայացնել ծրագրին դիմելու իր դրդապատճառները, ինչպես նաև կստուգվի դիմորդի վերլուծական կարողությունները միջազգային իրավունքի վերաբերյալ՝ նախապես հանձնարարված հիպոթետիկ իրավիճակի վերլուծության արդյուքներով։ Հիպոթետիկ իրավիճակի նկարագրությունը կտրամադրվի միայն ընդունելության առաջին փուլն անցած դիմորդներին։
Մասնագիտական հեռանկարներ
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական կառավարման մարմիններում (ՀՀ Կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ և այլն), օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում, փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու ասպիրանտուրայում:
Ծրագրի իրականացմանն աջակից գործընկեր կառույցներն են՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ արդարադատության նախարարությունը:
Մագիստրոսական ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է:
Մագիստրոսական ծրագրի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Կրթական ծրագրի դասընթացները և այլ մանրամասներ՝ այստեղ: