- Գլխավոր
- Նորություններ
- Գաղափարից՝ իրականություն. համալսարանականներն առաջարկում են հակաբակտերիական այլընտրանքային միջոց
Հուլիս 06, 2023 | 14:48
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Գաղափարից՝ իրականություն. համալսարանականներն առաջարկում են հակաբակտերիական այլընտրանքային միջոց
Երբևէ պատկերացրե՞լ եք, որ բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել հակաբիոտիկների հանդեպ, որոնք, հավանական է, «անզոր» դառնան տարբեր հիվանդությունների հարուցիչների դեմ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը ներկայացնող թիմը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում առաջարկել է այդ կայունության հաղթահարման այլընտրանքային տարբերակ և հաղթող ճանաչվել:
Մենք զրուցել ենք թիմի անդամներ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ավագ լաբորանտներ Անի Հարությունյանի և Ջեմմա Մանոյանի, ուսանողներ Աստղիկ Համբարձումյանի և Դիանա Հակոբյանի հետ: Նրանց միավորել է գիտական միևնույն հետաքրքրությունը՝ նանոմասնիկների ուսումնասիրությունը:
Թիմի ձևավորման և համատեղ աշխատանքներ կատարելու մասին պատմել է արդեն չորրորդկուրսեցի Աստղիկ Համբարձումյանը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ուսումնառության տարիներից մենք հնարավորություն ենք ունենում ներգրավվելու տարաբնույթ ծրագրերում ու նախագծերում՝ դառնալով ոչ միայն գիտական նոր բացահայտումների ականատես, այլև մասնակից: Ոգեշնչված լինելով ֆակուլտետում դասավանդող մասնագետների, ինչու ոչ, նաև ուսանողների գրանցած հաջողություններով՝ մենք որոշեցինք ձևավորել թիմ, որի գիտական ուսումնասիրությունների գլխավոր առարկան կլինեն նանոմասնիկները:
Ներկայում նանոմասնիկները հաջողությամբ կիրառվում են կենսաբժշկության տարբեր ոլորտներում: Դրանք օգտագործվում են իմպլանտների և բժշկական նյութերի հակաբակտերիական ծածկույթներում, կանխում են վարակը և խթանում վերքերի բուժումը: Հաշվի առնելով դրանց առանձնակի դերը կենսատեխնոլոգիայի զարգացման գործում՝ թիմով որոշեցինք առաջարկել այնպիսի նախագիծ, որի արդյունքը կարևոր նշանակություն կունենա աշխարհի մի շարք երկրներում:
Ի սկզբանե սահմանված նպատակը իրագործվեց անքուն գիշերների և անխոնջ աշխատանքի շնորհիվ: Նանոմասնիկների վերաբերյալ մեր «գաղափարների սինթեզը» հիմք դարձավ, որ դրանք դիտարկենք որպես հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության հաղթահարման այլընտրանքային լավագույն միջոց:
Նպատակ, որն արդարացրեց միջոցները. գաղափարի և այն կյանքի կոչելու կարևորությունը ներկայացրել է Անի Հարությունյանը:
Նանոմասնիկների սինթեզը առհասարակ կատարվում է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով: Այժմ լայնորեն կիրառվում է նանոմասնիկների սինթեզի քիմիական մեթոդը, որը, սակայն, բավականին թանկ է և մարդու օրգանիզմի ու շրջակա միջավայրի վրա թունավոր ազդեցություն ունի՝ ի տարբերություն նանոմասնիկների «կանաչ սինթեզի»: Այն ոչ միայն տնտեսապես շահավետ է, այլև էկոլոգիապես անվտանգ:
Նախագծի շրջանակում մենք պլանավորում ենք կանաչ սինթեզի մեթոդով հայկական «Spirulina» ցիանոբակտերիայից մեկուսացված ֆիկոցիանինից ստանալ արծաթի նանոմասնիկներ և ստուգել դրանց հակաբակտերիական ակտիվությունը պայմանական ախտածին գրամդրական (S. aureus, E. hirae, B.subtilis) և գրամբացասական (S. typhimurium, P. aeruginosa) մանրէների վրա:
Այժմ սկսել ենք խորությամբ ուսումնասիրել կենսածին նանոմասնիկների ազդեցությունը պայմանական ախտածին մանրէների վրա, ինչից հետո հնարավոր կլինի դրանք կիրառել կենսատեխնոլոգիայում։
Երբ հաջողության հասնելու ձգտումը նպատակային սկզբունք է. պատմել է Ջեմմա Մանոյանը:
Թեպետ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր 66 հայտ, այնուամենայնիվ մենք վստահ էինք, որ հինգ անվանակարգերից մեկում մեր նախագիծն է հաղթող ճանաչվելու: Առհասարակ համատեղ աշխատանքներ կատարելիս և մրցույթների դիմելիս մենք վստահ ենք, որ հաղթելու ենք:
Մեր նախագիծը, ինչպես մյուս բոլոր թիմերի ներկայացրած նախագծերը, անցել է երեք փուլով: Երբ հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամներին էինք ներկայացնում մեր գաղափարը, նկատում էինք գոհունակ հայացքներ. նրանց ժպիտները «մատնում էին», որ մտահղացումը հետաքրքիր է և արժանի հաղթանակի: Մեզ համար մեծ առավելություն էր նաև այն, որ մեր առաջարկած գաղափարն արդեն «գործի էինք դրել» և գրանցել որոշակի արդյունքներ:
Արդեն մրցանակաբաշխության օրը, երբ պետք է հայտարարեին, թե հինգ անվանակարգերում որ նախագծերն են հաղթել, մենք ոչ թե երկմտում էինք՝ կհնչեն արդյոք մեր անունները, այլ մտածում՝ ինչ ենք ասելու բեմահարթակից… Այս անգամ էլ չէինք սխալվել՝ հաղթեցինք:
Թիմի հաղթանակի հաջողության բանաձևը բացահայտել է Դիանա Հակոբյանը:
Մենք հաճախ ենք քննարկում ու փորձում հասկանալ, թե որն է մեր գրանցած հաջողությունների բանալին: Իհարկե գիտենք, որ այդ գործում առանձնակի դերակատարում ունի մեր միասնականությունը, բայց դա միանշանակ բավական չէ:
Ըստ էության, համալսարանական միջավայրն է, որ մեզ ստիպում է համախմբվել մեկ գաղափարի շուրջ և դրա իրականացման համար ջանքեր ներդնել: Ֆակուլտետում ստացած գիտելիքները մեզ դարձրել են առավել ինքնավստահ՝ տարաբնույթ նախագծերում ուժերը փորձելու, ունեցած նորարար գաղափարները բարձրաձայնելու և էկոլոգիապես անվտանգ միջավայրի ստեղծման գործում սեփական ներդրումն ունենալու համար:
Նոր հորիզոններ և հեռանկարներ… Թիմի հետագա հաջողությունները նախորոշել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը:
Երբ իմացա, որ թիմը ցանկանում է մասնակցել մրցույթին, շատ ոգևորվեցի, քանի որ նման ծրագրերն ուսանողներին ու երիտասարդներին հնարավորություն են տալիս ոչ միայն գործնականում կիրառելու ունեցած գիտելիքները, այլև քայլ կատարելու դեպի գիտական աշխարհ:
Գիտության մեջ լուրջ արդյունքներ գրանցելը ենթադրում է երկարաժամկետ գործընթաց, որն իրականացնելիս հնարավոր է հանդիպել հիասթափությունների, սակայն թիմի անդամները, ինչպես ֆակուլտետում սովորող մյուս ուսանողները, գիտակցում են՝ յուրաքանչյուր չհաջողված նախագիծ դառնում է նոր աստիճան՝ ավելի մեծ հաջողության հասնելու համար: Գիտությունը «սիրում է» էնտուզիաստներին. մրցույթի շրջանակում թիմին մասնագիտական աջակցություն տրամադրելիս պարզ դարձավ, որ թիմի անդամները հենց այդպիսին են:
Վստահ եմ, որ համալսարանը նրանցով հպարտանալու դեռ շատ առիթներ է ունենալու…