- Գլխավոր
- Նորություններ
- Դեղատոմս՝ դեպի «առողջ» մասնագիտություն
Հուլիս 18, 2023 | 10:10
Գիտություն
Կարիերա
Կրթություն
Դեղատոմս՝ դեպի «առողջ» մասնագիտություն
Դեղագետի մասնագիտությունը հսկայական և որոշիչ նշանակություն ունի հասարակության կյանքում։ Անընդհատ զարգացող մասնագիտությունը 21-րդ դարի ամենապահանջվածներից մեկն է, որում առանցքային դերակատարում ունի բժշկությունը․ արդյունավետ ու նպատակային գործունեություն իրականացնելու համար մշտապես կատարվում են հետազոտություններ՝ բուժման նորագույն մեթոդներ գտնելու և նոր դեղամիջոցներ մշակելու ու արտադրելու համար։
Դեղագետի աշխատանքն այսօր դասվում է կայուն մասնագիտությունների շարքին, որը հնարավորություն է տալիս ապահովելու շարունակական գործունեություն և մասնագիտական աճ։ Բացի հետաքրքիր լինելուց՝ այն նաև կրում է անհամեմատ մեծ պատասխանատվություն․ չէ՞ որ հենց այս մասնագիտության շրջանակում կատարված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված արտադրանքի շնորհիվ է հնարավոր դառնում փրկել հազարավոր կյանքեր։
Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի առողջապահական համակարգում իր հատկանշական և ուրույն տեղն է զբաղեցնում դեղագիտությունը, ուստի հայաստանյան շուկայում բավականին մեծ է բարձրորակ դեղագետների և դեղագործների պահանջարկը․ շուկայում ստեղծվել և ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որոնց կատարելագործմանը նպաստում է ուսուցման եռաստիճան համակարգ առաջարկող ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը։ Այստեղ գործում են «Ֆարմացիա» (բակալավրիատ, մագիստրատուրա), «Դեղագործական քիմիա» (բակալավրիատ) և «Դեղերի որակի վերահսկում» (մագիստրատուրա) կրթական ծրագրերը։ Բակալավրիատում օտարերկրյա ուսանողների համար «Ֆարմացիա» մասնագիտությամբ առկա ուսուցումը կազմակերպվում է նաև անգլերենով։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գլխավոր նպատակն ու առաքելությունն է միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ մասնագետների պատրաստումը, ինչը Հայաստանում դեղարդյունաբերության զարգացման կարևորագույն նախապայմաններից է: Ինստիտուտի շրջանավարտներն օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով, գործնական հմտություններով և կտիրապետեն մասնագիտության համար անհրաժեշտ գործիքակազմին։ Այս ամենը կնպաստի նրանց՝ դեղագործական ծառայությունների ողջ շրջանակը ֆարմացիայի տարբեր ճյուղերում մատուցելուն (հանրություն, դեղարտադրություն, առողջապահական կենտրոններ, դեղերի փորձագիտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն):
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, ուսումնագիտական լաբորատորիաներ (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և համակարգչային սենյակներ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով ու հեռաուսուցմամբ առցանց դասախոսություններ: Ինստիտուտում ստեղծվել է դեղատնային մոդել՝ կրթական առավել նպաստավոր միջավայր ապահովելու համար․ այն դասընթացները դարձնում է իրավիճակային` ուսանողներին տալով դեղատնային գործնական գիտելիքներ հենց համալսարանում:
Ֆարմացիայի ինստիտուտն արդյունավետ համագործակցում է բժշկական տարբեր հաստատությունների, դեղագործական ընկերությունների, դեղատնային ցանցերի, հայաստանյան գիտահետազոտական կենտրոնների հետ, որոնց թվում են՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, հայաստանյան առաջատար դեղագործական ընկերությունները, դեղատների ցանցերը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, բժշկական կենտրոններ և այլն: Գործընկեր կազմակերպություններում անցկացվում են մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքներ և արտադրական պրակտիկաներ, ավարտական, մագիստրոսական ու ատենախոսական աշխատանքների շրջանակում կատարվում են գործնական հետազոտություններ:
Ուսումնառության ընթացքում ակտիվ ուսանողները ներգրավվում են հետազոտական նախագծերում՝ այդպիսով ծանոթանալով ինքնուրույն հետազոտություններ կատարելու առանձնահատկություններին։ Այդ ամենին առավելապես նպաստում է ինստիտուտի տեխնիկական հագեցվածությունը։
Փոխանակման ծրագրերի շրջանակում ինստիտուտի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։ Բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է ՌԴ Բելգորոդի պետական հետազոտական և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանների հետ հաստատված համատեղ կրթական ծրագրերով, որոնց շնորհիվ շրջանավարտներին շնորհվում է դեղագետի (պրովիզորի) որակավորմամբ կրկնակի դիպլոմ:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները կարող են աշխատել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող այնպիսի կառույցներում, ինչպիսիք են հանրային և հիվանդանոցային դեղատներ, դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ, դեղերի արտադրությունում, դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ, արտասահմանյան մատակարարների և դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ, գիտահետազոտական և կրթական հաստատություններ, դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներ:
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։