- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտական խորհուրդն ընտրել է հինգ ֆակուլտետների դեկաններին
Հոկտեմբեր 13, 2023 | 09:37
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
ԵՊՀ գիտական խորհուրդն ընտրել է հինգ ֆակուլտետների դեկաններին
ԵՊՀ գիտական խորհուրդը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգային հինգ հարցով։ ԳԽ-ն ընտրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, պատմության, ռուս բանասիրության, կենսաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններին։
Հրավիրված նիստի սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կատարած աշխատանքի ու ֆակուլտետների զարգացման գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց ստորաբաժանումների նախկին ղեկավարներին։
Այնուհետև ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ հինգ ֆակուլտետների դեկանի պաշտոնում ի սկզբանե առաջադրվել են յոթ թեկնածուներ, սակայն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդ Թրահել Վարդանյանը ընտրությունից մեկ օր առաջ դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ չի մասնակցելու ընտրություններին։ Ուստի ըստ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության սահմանված ընթացակարգի՝ ԳԽ-ն քվեարկությամբ հաստատեց թեկնածուի անվան հեռացումը քվեաթերթիկից։
Օրակարգը հաստատելուց հետո ստորաբաժանումների ղեկավարի պաշտոնի հավակնորդները՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, տեխն․ գիտ․ թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը, Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Մխիթար Գաբրիելյանը և նույն ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Միքայել Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ Դիանա Գազարովան, Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, կենսաբ․ գիտ․ դոկտոր, դոցենտ Կարեն Ղազարյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պատմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, համապատասխանաբար ներկայացրին իրենց ֆակուլտետների զարգացման հայեցակարգերը՝ պատասխանելով ԳԽ անդամների հարցերին։
Ներկայացված ֆակուլտետների դեկանների ընտրությունը կազմակերպելու նպատակով կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Համապատասխան ֆակուլտետների դեկաններ ընտրվեցին Սարգիս Քելյանը, Մխիթար Գաբրիելյանը, Դիանա Գազարովան, Կարեն Ղազարյանն ու Տիգրան Եփրեմյանը։