- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու
Նոյեմբեր 16, 2023 | 11:26
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջոցառումներ
ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու
ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
2018 թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի կազմակերպած «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումներն ամփոփվել են այս ժողովածուում, որը գիտական շրջանառության մեջ է դնում Հայաստանի պատմության ու մշակույթի՝ խորհրդային տարիների վերաբերյալ նոր ուսումնասիրություններ ու վերլուծություններ:
Հումանիտար ու սոցիալական մի շարք գիտակարգերի առնչվող հոդվածներն ընդգրկում են խորհրդահայ մշակույթի հայեցակարգում տեղավորվող բազմաբնույթ երևույթները` խորհրդային մշակութային քաղաքականությունը, խորհրդային քաղաքացիների բողոքային մշակույթը և ինքնությունները, մտավորականության և արվեստի խորհրդային ընկալումներն ու զարգացումները, աթեիզմի ժամանակաշրջանում կրոնի փոխակերպումները, խորհրդային արդյունաբերական մշակույթի մնացորդների ուսումնասիրությունը և այլն։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովածուի կազմող և մասնագիտական խմբագիր Յուլիա Անտոնյանը, անդրադառնալով ժողովածուի յուրատիպությանը, շեշտեց. «Խորհրդային տարիներին առնչվող նոր մեթոդաբանությամբ և մոտեցումներով հետազոտություններ Հայաստանում կատարվում են միայն վերջերս, մինչդեռ հետխորհրդային շատ երկրներում այս թեման հետազոտվում է ԽՍՀՄ փլուզումանը հաջորդող 32 տարիների ընթացքում: Ստացվում է՝ գիտական այս հոդվածների հեղինակները Հայաստանում սովետական հետազոտությունների առաջամարտիկներ են, ինչն է՛լ ավելի է ընդգծում ժողովածուի կարևորությունը»:
Ժողովածուն հասցեագրված է մշակութային մարդաբաններին, սոցիոլոգներին, պատմաբաններին, արվեստագետներին, գրականագետներին և հումանիտար այլ գիտակարգերի մասնագետներին։ Ցանկացողները հնարավորություն ունեն գիրքը ձեռք բերելու ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանից կամ էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու ԵՊՀ հրատարակչության կայքէջից:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա էին ժողովածուի գիտական հոդվածների հեղինակները, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և մասնագիտական բնագավառի ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրվողներ։